Հակառակորդը Այգեպարի ուղղությամբ կրակ է բացել
Այսօր առավոտյան ժամերին սահմանամերձ Այգեպար գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակահերթ բաց թողնվել: Այս մասին Այգեպարից հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, ով մի խումբ լրագրողների և երիտասարդների հետ միասին մեկնել է ուխտագնացության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ:
Կրակոցները հնչել են այն պահին, երբ գյուղի բնակիչները դպրոցի բակում հանդիպում էին ուխտավորների հետ: Հակառակորդը մի քանի անգամ կրակել է գյուղի, նաև` բացել արտում աշխատող տրակտորի ուղղությամբ: Բարեբախտաբար` զոհեր և վիրավորներ չկան:
Գյուղի բնակիչները կատակում էին, թե իրենք սովոր են նման կրակոցներին, և որ արտառոց բան չկա, իսկ երեխաները նույնիսկ հստակ նշում են, թե կոնկրետ որ զենքից է կրակն արձակվել:
Panorama.am-ի թղթակիցը փոխանցեց նաև, որ երեկ երեկոյան ուխտավորները եղել են Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ թե երեկոյան, թե գիշերային ժամերին ևս կրակոցներ են հնչել, որոնք ինտենսիվ բնույթ չեն կրել:
Նշենք, որ Այգեպարի ուղղությամբ կրակոցներ հնչել էին շուրջ տասը օր առաջ գիշերվա ժամերին:
Նախորդիվ`
Վազաշեն-Պառավաքար ճանապարահատվածի աշխատանքների ավարտը նախատեսվում է հուլիսի վերջին