Բորիս Նավասարդյան. Freedom House-ի զեկույցում Հայաստանը հետընթաց է գրանցել քաղաքական միջավայրի պատճառով (տեսանյութ)
Freedom House-ի «Մամուլի ազատություն-2014» զեկույցում Հայաստանը մեկ կետով հետընթաց է գրանցել նախորդ տարվա ցուցանիշից՝ ստանալով 62 միավորը, ինչը պայմանավորված է քաղաքական միջավայրով: Ասուլիսում նման դիտարկում արեց Երևանի մամուլի ակումբի նախագահ, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը:
Նա նշեց, որ վարկանշային աղյուսակը ձևավորվում է երեք բաղադրիչներ հաշվի առնելով՝ օրենսդրության վիճակ, քաղաքական միջավայր, տնտեսական ազատություններ:
«Առաջինի ու երրորդի առումով մենք ունենք նույն ցուցանիշներն, ինչ նախորդ տարի, մեկ միավորի անկումը պայմանավորված է քաղաքական միջավայրով»,- ասաց նա՝ հավելելով, որ դա կարող է պայմանավորված լինել նախագահական ընտրություններով, ինչպես նաև Հայաստանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությամբ, քանի որ Եվրասիական տարածաշրջանում խոսքի ազատությունը հիմնական առաջնահերթություններից չէ:
«Խոսքի ազատության առումով ընդհանուր անկում է արձանագրվում, բայց ամենալուրջ մարտահրավերները հանդիպում ենք եվրասիական շրջանում»,- ասաց Բ. Նավասարդյանը:
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանին դեռ ոչ մեկը չի թելադրում, բայց կարող է ժամանակի ընթացքում դա լինել, թեև դժվար կլինի Հայաստանում սահմանափակումներ մտցնել, քանի որ դա մեծ ռեսուսրներ է պահանջում: