Մովսեսի գյուղապետ. Մենք հողերը չենք տալու, չենք գնալու, պիտի թուրքը խելք ունենա և չկրակի (Տեսանյութ)
«Եթե խաղաղություն լինի, ուրեմն հաստատ իմացեք, որ սոցիալականը կապահովվի: Թեկուզ մինիմումն ապահովում են, չեն դժգոհում: Փառք Աստծո, գոյատևում են, ապրում են»,- ասում է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:
Անդրադառնալով կրակոցներին, նա նշում է, որ դրանք վնասում են տները, պատուհանները, տանիքները. «Արդեն շուրջ 24 տարի է կրակում են: Իսկ լուծումն այն է, որ թուրքը մի քիչ խելք ունենա: Մեկ է` մենք հողերը չենք տալու, խելք ունենան, չկրակեն: Այս տարածքներից մենք չենք հեռանալու, իզուր խաղեր է դա: Այսօր մարդիկ վերակառուցում են իրենց բնակարանները, ժողովուրդը բարոյալքված չէ: Չկա նման բան, որ կարող է թողնենք, գնանք այստեղից: Իհարկե, դժգոհներ էլ կան, բայց խուճապ ու վախ չկա»,- շեշտում է նա:
Մովսեսում մանկապարտեզ և դպրոց է գործում: Մանկապարտեզ 40 երեխա է հաճախում, դպրոցն ունի 140 աշակերտ: Հստակ աշխատատեղերը գյուղում գյուղապետարանն է` 20 մարդ, մանկապարտեզը` 10: Մյուսն էլ դպրոցն է: Կան մարդիկ, որ մասնավոր գործեր են անում` շինարարություն և այլն: Այգիների մի մասն է մշակվում` 20- 25 տոկոսը, մյուս մասը հակառակորդի թիրախի տակ է: Մովսեսից հեռու ապրող գյուղի բնակիչներն էլ աջակցում են գյուղին:
Այցելությունը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր և զորամաս կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ:
Մանրամասն` տեսանյութում: