Չինաստանը ռեսուրսների սակավությունը փոխհատուցելու է Աֆրիկայի հաշվին
Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը աֆրիկյան իր շրջագայության ընթացքում մայիսի 4-11-ը կայցելի Եթովպիա, Նիգերիա, Անգոլա, Քենիա և Աֆրիկյան միության կենտրոնատեղի Ադիս-Աբեբա քաղաքում կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին: Չինաստանը իր արտաքին քաղաքականության մեջ միշտ էլ կարևորել է աֆրիկյան երկրների հետ տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդումը:
2013թ.-ին Չինաստանի և աֆրիկյան երկրների միջև ապրանքաշրջանառությունը նոր ռեկորդ է սահմանել` հասնելով 210.2 միլիարդ դոլարի, ինչը 5.9%-ով գերազանցում է 2012թ.-ի ցուցանիշները:
Նախորդ տարի Չինաստանը Աֆրիկա է արտահանել 92.8 միլիարդ դոլարի ապրանք, իսկ աֆրիկյան մայրցամաքից Չինաստան արտահանումը կազմել է 117.6 միլիարդ դոլար: Այս պահի դրությամբ, Չինաստանի կապիտալով Աֆրիկայում ստեղծվել է ավելի քան 2000 ձեռնարկություն՝ գյուղատնտեսության, վերամշակման, ենթակառուցվածքային և այլ ոլորտներում:
Փորձագետների գնահատականներով, 2014թ.-ին երկկողմ ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 300 միլիարդ դոլարի:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Խուն Լեյը մեկնաբանելով Պեկինի և աֆրիկյան երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը հայտարարել է, որ Պեկինը ջանքեր է կիրառում չին-աֆրիկյան ռազմավարական կապերի ամրապնդման և Աֆրիկա մայրցամաքի զարգացման ու բարգավաճման համար: Նրա խոսքերով, չինական կողմը իրականացնելու է Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի 2013թ.-ի մարտին Աֆրիկա կատարած այցի շրջանակներում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:
Սի Ձինպինը մարտի 22-30 աֆրիկյան շրջագայության ընթացքում այցելել էր Տանզանիա, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն և Կոնգոյի Հանրապետություն:
Չինաստանի առաջնորդը այցի ընթացքում անդրադառնալով չին-աֆրիկյան հարաբերություններին նշել էր, որ Պեկինը շարունակելու է տնտեսական աջակցություն ցուցադրել Աֆրիկային՝առանց որևէ քաղաքական նախապայմանների:
Նրա խոսքերով, Չինաստանը աջակցում է Աֆրիկայի միասնականությանը և բարգավաճմանն ու աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Չինաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի Աֆրիկայի 50 երկրների հետ, 2000թ.-ին հիմնվել է Չինաստան-Աֆրիկա ֆորումը, իսկ Պեկինում գործում է չին-աֆրիկյան առևտրային պալատը: Չինական պատմությանը և մշակույթին ծանոթացնելու համար Պեկինը աֆրիկյան մի շարք երկրներում ստեղծել է Կոնֆուցիոսի կենտրոններ:
Փորձագետների կարծիքով, չին-աֆրիկյան հարաբերությունները Չինաստանի տնտեսական հզորացմանը զուգահեռ միայն խորանալու են:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Աշա Միգիրոն նշել է, որ չինական երազանքը բազմաթիվ թելերով կապված է աֆրիկյան երազանքի հետ: Նրա խոսքերով, Աֆրիկան պետք է փոխառնի Չինաստանի բարեփոխումների և տնտեսական զարգացման դրական փորձը և խորացնի հարաբերությունները Պեկինի հետ:
Իր հերթին, Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայի հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրեյ Վոլոդինի կարծիքով, Չինաստանը աֆրիկյան մայրցամաքը համարում է քիչ հետազոտված տարածք և ցանկանում է Աֆրիկայում իրացնել տնտեսական մի շարք նախագծեր ու հասնել աֆրիկյան երկրների տնտեսական ու քաղաքական անկախությանը:
Փորձագետի կարծիքով, ռեսուրսների սակավություն ունեցող Չինաստանը հետաքրքրված է առաջին հերթին Աֆրիկա մայրցամաքի նավթով, գազով և այլ բնական ռեսուրսներով: Ա.Վոլոդինի խոսքերով, Չինաստանը Աֆրիկայում իր ազդեցության ամրապնդման ճանապարհին բախվելու է Արևմուտքի հակազդեցության հետ:
Արտյոմ Բալասանով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները