Գ.Ծառուկյան. Առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը
Նախօրեին երեկոյան տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, խմբակցության և քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են ներկուսակցական և ներքաղաքական օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետը։ Ի թիվս այլ հարցերի, համատեղ նիստի ընթացքում քննարկվել է ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ-ի կողմից որդեգրվող դիրքորոշման հարցը: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը:
Տիգրան Ուրիխանյանի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է, որ կուսակցության հերթական համագումարի ժամանակ հնչեցված բոլոր դրույթները ուժի մեջ են և որևէ փոփոխություն կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի մեջ չի լինելու։ ԲՀԿ ղեկավարը մեկ անգամ ևս արձանագրել է, որ իր արժանապատվության և կուսակցության հեղինակության հաշվին որևէ զիջում և հետքայլ բացառված է: Նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ կոչ է արել ակտիվորեն համագործակցել և աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ: ԲՀԿ ղեկավարը նաև հնչեցրել է համոզմունք, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»: