«Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կառուցողական տարրերը գնալով պակասում են»
Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կառուցողական տարրերը գնալով պակասում են: Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի` Բրիտանական «The Guardian» պարբերականում տպագրված հոդվածում հնչած շեշտադրումներին` panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Վերջին շրջանում թուրքական կողմը ակտիվացրել է իր քայլերը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում: Այս հոդվածը ընդհանուր շղթայի ընդամենը մասն է: Այդ նույն շղթայի մեջ մենք կարող ենք ներառել և՛ վարչապետ Էրդողանի ապրիլքսաներեքյան ուղերձը և՛ հնչած ոչ պաշտոնական այն տեսակետները, թե հայերին պատրաստվում են քաղաքացիություն տալ, և՛ հայ համայքի ներկայացուցիչների հետ հանդիպումները և թուրքական իշխանությունների պարտադրմամբ հայ համայքի վախորած հայտարարությունները: Այս քայլերի կոնկերտ նպատակը 2015 թ ընդառաջ համաշրահային ալիքը մեղմելն ու հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորման պատասխանատությունը իրենց ուսերից թոթափելն է»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
«Սակայն հոդվածի ուշադիր դիտարկումն ի ցույց է դնում այն իրողությունը, որ այստեղ որևիցե նոր տարր, ըստ էության, չկա: Հնչած մտքերը թուրքական իմիտացիոն քաղաքականության և հռետորաբանության կրկնությունն են, որոնց կեղծ լինելն ու իրականությանը չհամապատասխանելը բազմիցս ապացուցվել է: Այս մտքերը ավելի շատ ուղղված են համապատասխան ֆոնի ստեղծմանը: Թուրքական քաղաքականությունը, փաստորեն առանց նահանջելու իր կեղծ քայլերից, նույն ոգով շարունակում է իր ստի, կեղծիքի քաղաքականությունը` փորձելով այս ամենը համեմել հանդուրժողականության և եվրոպական համամարդկային արժեքների շղարշով»,- հավելեց բանախոսը:
Թուրքագետի կարծիքով` թուրքական կողմի այս ակտիվությունը նաև պաշտոնական Երևանի կոշտ, խիստ արձագանգների հետևանքն էր:
«Հանրապետության ղեկավարը իր ելույթում հստակ խոսեց արձանագրությունների մասին և այս ամենը թուրքական քաղաքական մեքենային դրեց լարված վիճակի մեջ: Հայկական կողմի հերթական քայլերին սպասելով` Անկարան շատ ավելի ջղագրգիռ քայլեր է անում, որոնց մեկ էլ հենց այս հոդվածն է:
Այս համատեքստում թուրքական քաղաքականության սնանկությունը պարզապես խղճարահությունն է առաջացնում, ուրիշ ոչինչ: Հոդվածի տեքստը հերթական անգամ ապացուցում է, որ թուրքական արտաքին քաղաքականության մեջ կառուցողական տարրերը գնալով պակասում են»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ևս համակարծիք է իր գործընկերոջ հետ այն հարցում, որ Դավութօղլուի հոդվածը լայնածավալ քարոզչական արշավի մի մաս է և պաշտոնական Անկարան ընդամենը փորձում է Ցեղասպանության հարույրամյակին ընդառաջ թուլացնել միջազգային ճնշումը:
«Թուրքիան ընդամենը փորձում է թուլացնել միջազգային ճնշումը և Ցեղասպանությունը ընդունելուց և դատապարտելուց խուսափելու համար պայմաններ ստեղծել: Այստեղ ես նոր մատեցում Ցեղասպանության ճանաչման հարցում չտեսա: Դավութօղլուն ընդամենը կրկնում է թուրքական պաշտոնական մատեցումը, ինչ մեզ համար ընդունելի չէ: Մյուս կողմից դրական կարելի է համարել այն հանգամանքը, որ Թուրքիայի ղեկավարներից մեկը ընդունում է Օսմանյան կայսրությանը պատմության մեջ հայերի դերն ու նշանակությունը: Չնայած նրան, որ այս մասին ողջ աշխարհ է խոսում, սա բավական նոր իրողությունն է»,- panorama.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նախորդիվ`
Հայկ Դեմոյանի արձագանքը Էրդողանի ուղերձին. «Դուք, առաջին հերթին, փորձում եք մոլորեցնել թուրք երիտասարդությանը»