Միկոյանի հուշարձանի հարցով արտահերթ նիստ կհրավիրվի
Մայիսի 8-ին Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ, որի ժամանակ կքննարկվի Երևանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին ավագանու՝ օրեր առաջ կայացրած որոշումը: Այդ մասին քիչ առաջ Մեդիա Կենտրոնում կայացած քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ, Երևանի ավագնու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Թամար Պողոսյանը:
Հիշեցնենք՝ որոշումը Երևանի ավագանին կայացրել էր ապրիլի 30-ին կայացած նիստում՝ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տված դրական եզրակացության հիման վրա: Որոշմանը դեմ էին քվեարկել Հանրապետական խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը և «Բարև Երևան» դաշինքը:
«Այդ հարցի շուրջ կունենանք նոր քննարկում, կհրավիրվի պարոն Դեմոյանը, ով ավագանու նիստում հանդես եկավ հայտարարությամբ: Նիստում կքննարկվի նրա այդ հայտարարությունը և ավագանու որոշման վերաբերյալ մեր հանձնաժողովը կարտահայտի իր դիրքորոշումը», -հայտարարեց Թամար Պողոսյանը: Նա, սակայն, որոշման վերաբերյալ հստակ դիրքորոշում չհայտնեց և միայն ասաց, որ ավագանու ընդունած որոշումը վերջնական չէ և այն դեռ պետք է կառավարության աշխատակազմում քննարկում անցներ ու հետո միայն ընդունվեր կամ չընդունվեր:
Քննարկմանը հրավիրված Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Եսայանը հորդորեց այդ քննարկմանը հրավիրել նաև դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ, ով կարող էր իրազեկել, թե որքան դաշնակցականներ են ռեպրեսիաների ենթարկվել Միկոյանի թեթև ձեռքով:
«Մարդ, ով ստալինյան մարդակեր վարչակազմի օրոք եղել է առանցքային դեմքերից մեկը, մարդ, ով հատուկ նամակով դիմել է կենտկոմ և Հայաստանում իրականացրել է ռեպրեսիաներ քաղաքական, պետական, կուսակցական գործիչ չպետք է համարվի: Պետք է դատապարտվի նրա արարքը», -հայտարարեց Եսայանը:
Քննարկման մասնակից Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը ցավալի համարեց այդ որոշումը և ասաց, որ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը անցնում է բարոյականության բոլոր սահմանները:
Իսկ ահա Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը հպարտացավ Միկոյանի գործունեությամբ և ասաց, որ Հայաստանի տնտեսությունն այդ տարիներին զգալի վերելք է ապրել:
«Ես գիտեմ, թե ինչ ներդրումներ է արել Միկոյանը Հայաստանի տնտեսությունը, էներգետիկան զարգացնելու, Քաջարանի մոլիբդենային գործարանը զարգացնելու գործում և դրա համար կողմ եմ Միկոյանի արձանի տեղադրմանը»,-հայտարարեց Նահապետյանը:
Նախորդիվ`
Ճարտարապետը դեմ է Միկոյանի արձանը տեղադրելու որոշմանը, գրողն էլ դա համեմատում է Թալեաթի արձանը դնելու հետ (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան