Հանրապետական կուսակցությունը մայիսի 24-ի համագումարում նախագահ կընտրի
Հանրապետական կուսակցությունում այժմ պատրաստվում են մայիսի 24-ին կայանալիք հերթական համագումարին, որը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, Գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը:
Նրա խոսքով, կուսակցության նախագահը և վերստուգիչ հանձնաժողովը հանդես են գալու հաշվետվությամբ, կուսակցության նախագահի, գործադիր մարմնի և վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն է տեղի ունենալու:
«Լինելու են ելույթներ կապված թե կուսակցական, ներքաղաքական ու արտաքին քաղաքական ու տնտեսական հարցերի վերաբերյալ»,-փոխանցեց պարոն Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է հյուրերին, Հանրապետականի անդամն ասաց, որ հրավիրվելիք հյուրերի շրջանակը դեռ հայտնի չէ, բայց հնարավոր համարեց, որ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ևս հրավիրվեն:
«Հյուրերի ցանկի մասին տեղեկությունը հայտնի կդառնա մայիսի 15-ից հետո»,-ասաց Թադևոսյանը: