Արտակ Զաքարյան. Առաջիկա ամսվա ընթացքում կստեղծվի Եվրասիական տնտեսական միությունը
Այսօր Հայաստանը պատրաստ է գնալ Մաքսային միության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն զարգացումներով: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Շարունակում ենք հետևել Մաքսային միության շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք հետևողականորեն կատարել Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների ամբողջ փուլը»,- ասաց նա:
Ա. Զաքարյանի խոսքով, ապրիլի վերջին Մինսկում տեղի ունեցած հանդիպման արդյունքում նախապատրաստվում է Մաքսային միության կանոնների հիման վրա եվրասիական միասնական տնտեսական միության անդամակցության փաստաթուղթ, որը, առաջիկա ամսվա ընթացքում կստորագրվի. «Սա նշանակում է, որ 2015 թվականի հունվարի 1-ից պետք է գործի Եվրասիական տնտեսական միությունը՝ Մաքսային միության հիմքի վրա: Մաքսային միությունն այն փոխանցիկ դրոշն է, որը ստեղծելու է նոր տնտեսական տարածք»:
Նա նշեց, որ Հայաստանն անդամակցում է տնտեսական միությանը, իր անդամակցության հիմքում դնում է տնտեսական և անվտանգության հարցը:
ՀՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հայաստանի համար օրակարագային հարց է:
«Փորձելու ենք առաջիկայում, հատկապես Եվրոպական խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձևավորվող քաղաքական ուժերի հետ գտնել համագործակցության այն ընդունելի ճանապարհը, որը հնարավորություն է տալու Հայաստանին փոխշահավետ համագործակցություն ծավալել»,- ասաց Ա. Զաքարյանը:
Նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է իր բազմավեկտոր քաղաքականությունը, փորձելու է հավասարակշռված գործունեության ծավալել այն պետությունների, միջազգային հարաբերությունների հետ, որոնք շահագրգռված են Հայաստանում, տարածաշրջանում խաղաղ, կայուն զարգացման հարցում: