Գառնիկ Պետրոսյան. Գյուղատնտեսական ապահովագրությունն այլընտրանք չունի
«Գյուղատնտեսական ապահովագրության ներդրումն այլընտրանք չունի: Սա կարևոր և լուրջ խնդիր է: Բայց հնարավոր չէ այդ համակարգը ներդրնել մեկ, երկու տարում: Աստիճանաբար քայլեր են արվում, լուրջ ուսումնասիրություններ ենք կատարում»,- այս մասին լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
Նա նշեց, որ նախարարությունը խնդիր է դրել ապահովագրական համակարգը նախ ներդնել անասնապահության ոլորտում, հետո փորձնական նաև բուսաբուծության ոլորտում, քանի որ բուսաբուծությունը խիստ ռիսկային է:
«Առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկենք այդ ռիսկերը մեղմելու ուղղությամբ»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ստեղծում են հակակարկտային ծառայություններ, նոր ցրտադիմացկուն սորտեր են ներդնում:
Գ. Պետրոսյանը նաև նշեց, որ նախ պետք է պարզել, արդյոք գյուղացիական տնտեսությունները պատրաստ են իրենց բերքը կամ ցանքատարածքներն ապահովագրել, արդյոք պետությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս խնդրում, արդյոք ապահովագրական ընկերությունները պատրաստ են այդ ապահովագրությունը կատարել: