«Մի քիչ համբերեք և կտեսնեք` Ֆինանսների նախարարության և ՊԵԿ միավորումից շահեցինք, թե տուժեցինք». Գագիկ Խաչատրյան
«Եթե մի քիչ համբերություն ունենաք, ապա հետագայում կտեսնեք` ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի միավորումից շահեցինք, թե տուժեցինք»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` հավելելով, որ աշխարհի 30-35 երկրներում նման փորձ կա, և հիմա այդ փորձը ներդրվում է Հայաստանում:
Լրագրողի դիտարկմանը, թե քննադատություն է հնչում, որ քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինների միավորումից կավելանան կոռուպցիոն ռիսկերը, Գ.Խաչատրյան նշեց, որ տարբեր տեսակի հնչեղություն ձեռք բերելու համար լրատվամիջոցները նման հոդվածներ են հրապարակում. «Մի քիչ համբերեք և կտեսնենք` շահեց, թե չշահեց: Իսկ դա կերևա գործերով, բարեփոխումներով, ծրագրերով, որոնք հետագայում նկատելի կլինեն»:
Հարցին, թե «ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը ևս կապում են իր անձի հետ, Գ.Խաչատրյանը նշեց, որ դա այդպես չէ. «Այդ անձը, որին դուք նկատի ունեք, ընդամենը իր լիազորությունները հանձնում է բիզնեսին: Այն ձեռնարկությունները, որոնք ուզում են ունենալ հարկային աուդիտ, պետք է նրանց հնարավորություն տալ, ոչ թե զանգել Խաչատրյան Գագիկին, այլ իրենք որոշեն: Շանսը տվել ենք բիզնեսին»:
Նաև հավելեց, որ այս նախագիծը մշակվել է գործարար միջավայրից եկող ահազանգերի արդյունքում: Նշվեց նաև, որ նախագիծը քննարկման փուլում է. «Եթե խոսեք գործարարների հետ, ապա կհասկանաք` լավ քայլ ենք անում, թե վատ, անձի հետ է կապված, թե գործարար միջավայրին օգնելու համար»:
Նորանշանակ նախարարը լրագրողներին խորհուրդ տվեց խորանալ հարկային բարեփոխումների ծրագրի մեջ, այլ ոչ թե իրեն հարցեր տան. «Եկեք 10 աշխատանքային օր անցկացրեք հարկային, մաքսային մարմիններում, ֆինանսների նախարարությունում և ինքներդ տեսեք` ես քանի թիկնապահ ունեմ, թիկնապաները հարվածում են աշխատողներին, գումար պահանջո՞ւմ են, թե ոչ: Լրատվամիջոցներ կան, որ ինչ հարցի էլ պատասխանենք, միևնույն է մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց ցանկալի է»:
Այդուհանդերձ, լրագրողներին հետաքրքրում էր, թե իրականում ինչո՞ւ միավորվեցին երկու կառույցները, արդյոք դա կօգտագործվի Գ.Խաչատրյանի հարազատների բիզնես ծրագրերի համար, Գ.Խաչատրյանը պատասխանեց. «Եթե հիմա դուք ասեք, թե «Մոցարտ»-ի սեփականատերը ով է, ապա կպատասխանեմ Ձեր հարցին: Հայաստանում պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ բիզնեսում հետաքրքրությունը լինի ոչ թե անձը, այլ նրա վարքագիծը: Հայաստանը փոքր երկիր է, բոլորը իրար ճանաչում են և կամ պետք է բիզնեսով զբաղվեն, կամ պետական սեկտորում աշխատեն, կամ ի՞նչ անեն` գնա՞ն երկրից: Եկեք ստեղծենք այնպիսի միջավայր, որ ձեզ էլ, մեզ էլ հետաքրքիր չլինի, թե այդ բիզնեսով ով է զբաղվում: Հարկերը վճարեն նորմալ և երկրում խաղի կանոնները պահեն, ապա հետաքրքրությունը կվերանա»:
Դիտարկմանը, թե Գ.Խաչատրյանի հարազատներին պատկանող ընկերությունները կդիմե՞ն այլընտրանքային ստուգման, նախարարը նշեց, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա բոլորն էլ կդիմեն:
Լրագրողի հարցին, թե «Ձեր հարազատներին պատկանող ընկերությունների անունները սկսվում են «Մեգա»-ով և արդյոք ձեր ղեկավարած կառույցն էլ լինելու է «սուպերնախարարություն», Գ.Խաչատրյանը պատասխանեց. «Խորհուրդ եմ տալիս` իմ հարազատների հետ մոտիկից ծանոթանալ: Եթե ավելի լավ ինֆորմացիա ունենայիք, ապա ավելի վատ բաներ կգրեիք: Ուրախ եմ, որ միայն դա եք գրում»: