Գ.Սահակյան. Մենք էլ ենք ուզում առաջատար լինել, ԲՀԿ-ն էլ, Դաշնակցությունն էլ
«Քաղաքական բոլոր ուժերը, եթե քաղաքականության մեջ են, պետք է մտածեն հաղթելու մասին: Այդ թվում և ՀՀԿ-ն»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդի վերջին հայտարարությունը:
Գ.Սահակյանի համոզմամբ, այդ հայտարարությունը անմիջապես ՀՀԿ-ի մոտեցումներին պետք չէ կցել, քանի որ յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն է որոշում իր ռազմավարությունը. «Մենք էլ ենք ուզում առաջատար լինել, ԲՀԿ-ն էլ, Դաշնակցությունն էլ: Հակառակ պարագայում թիմի ձևավորումն ու նպատակի ցուցադրումը անտեղի է»:
Հիշեցնենք, Գ.Ծառուկյանը հայտարարել էր, որ համոզված է` առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք Ադամյան փողոցը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության նիստին, որում միաձայն խմբակցության նոր ղեկավար ընտրվեց Գ.Սահակյանն ասաց, որ Վահրամ Բաղդասարյանը երկար տարիներ խորհրդարանական է եղել, քաղաքականապես ոչ խնդիր չունի, նաև փորձառու է: Վ.Բաղդասարյանը տնտեսագետ է, այդ բլոկում խմբակցության աշխատանքներին կարևոր շունչ կհաղորդի. «Ես համոզված եմ, որ խմբակցության նորընտիր ղեկավարը կշարունակի այն ավանդություները, որ տարիներ շարունակ եղել են խմբակցությունում ու առավել կուժեղացնի այն»:
Անդրադառնալով հարցին, թե կարող է արդյոք Վ.Բաղդասարյանի խոսքը ընդունելի լինել խմբակցության անդամների համար, ինչպես դա հենց իր` Գ.Սահակյանի դեպքում էր, վերջինս արձագանքեց, թե վստահ է, որ այդպես էլ կլինի: Ու ավելացրեց. «Բայց ինձ մի հեռացրեք իմ խմբակցությունից, ես միշտ այստեղ եմ»: