Ուկրաինական իրադարձությունների համացանցային հայտնի մեմերը
Վերջին ամիսների ընթացքում Ուկրաիանան դարձել է համաշխարհային տեղեկատվական տարածության ամենաքննարկվող թեման` ընդ որում ոչ միայն առաջատար լրատվամիջոցների էջերում, այլ նաև համացանցային տարբեր տեղեկատվական ռեսուրսներում: Արդյունքում կարճատև ժամանակամիջոցում համացանցում ծնվեցին և մարդկանց գիտակցության մեջ ամրապնդվեցին ուկրաինական իրադարձությունները բնորոշող և պատկերող բազմաթիվ այսպես կոչված համացանցային մեմեր:
Նկատենք, որ «Մեմ» եզրույթը առաջին անգամ շրջանառության մեջ է դրել անգլիացի գիտնական Ռիչարդ Դոկինզը:
Ընդհանուր առմամբ մեմը իրենից ներկայացնում է ինչ-որ գաղափար, կերպար, մշակութային օբյեկտ, որը կրկնօրինակվում է ցանցային հանրույթի անդամների կողմից: Վերջիններս դրսևորվում են ինչպես վերբալ (բառեր, բառակապակցություններ, կարճ նախադասություններ), այնպես էլ ոչ վերբալ` վիզուալ (պատկերներ, լուսանկարներ, վիդեոհոլովակներ) ձևով, իհարկե, հանդիպում են նաև այս երկուսի միախառնված տարբերակները:
Մեմերի գլխավոր առանձնահատկությունը նրանց հեշտ կրկնելի լինելն ու համացանցային տիրույթում վայրկյանների ընթացքում տարածվելու ունակությունն է:
Մեմերի ստեղծման և արագ տարածման վրա մեծ ազդեցություն են ունենում ոչ միայն ընթացիկ սոցիոմշակութային իրադարձությունները, այլ նաև կարևորագույն քաղաքական իրադարձությունները: Այս առումով բացառություն չէ նաև Ուկրաինայում վերջին ամիսներին ձևավորված իրավիճակը, որը համացանցում ծնունդ տվեց շատ առումներով խորհրդանշական բազմաթիվ մեմերի:
«Եվրամայդան»: Այս մեմը կարելի է համարել ուկրաինական իրադարձությունների առաջնեկ: 2013 թվականի նոյեմբերից Կիևի անկախության հրապարակը միլիոնավոր մարդկանց համար դարձավ որպես «եվրամայդան», իսկ այնտեղ գտնվող ցուցարարներն էլ` «եվրամայդանցիներ»:
«Եվրա» նախածանցը այս պարագայում խորհրդանշում էր Ուկրաինայի եվրաինտեգրացիան: Երբ տևական ժամանակ անց «եվրամայդան»-ի պայքարը եվրաինտեգրացիային կողմ լինելուց ուղղվեց գործող ռեժիմի դեմ ներքաղաքական պայքարի` մամուլի էջերում և համացանցում ի հայտ եկավ մեկ այլ մեմ` «հակամայդան»:
Այս մեմը դարձավ բոլոր այն մարդկանց բնութագրիչը, ովքեր հանդես էին գալիս դեռ այն ժամանակ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի օգտին և գործնականում չէին կիսում «եվրամայդանցիների»` երկրի ապագայի վերաբերյալ ունեցած տեսլականը:
«Լավագույն կոկտեյլները` Գրուշևսկայա փողոցում»: Այս մեմը լրատվական դաշտում և մադկանց առօրյայում դարձավ հունվար ամսվա վերջին օրերին Կիևի Գրուշևսկայա փողոցում ցուցարարների և կառավարական ուժերի միջև տեղի ունեցած բախումների վերբալ արտացոլումը: Ինչո՞ւ կոկտեյլներ, քանի որ բախումներին մասնակցող կողմերն ակտիվորեն միմյանց վրա էին նետում հայտնի «մոլոտովյան կոկտեյլ» պայթուցիկները:
Ուկրաինական իրադարձությունների «անակնկալը» համարվող ծայրահեղական հայացքների ջատագով «Աջ սեկտոր» կազմակերպությանը և նրա առաջնորդ Դմիտրի Յարոշին ևս համացանցը չշրջանցեց: «Յարոշի այցեքարտը» որը, իբր թե գտնվել էր Սլավյանսկի բախումների ժամանակ, կարելի է տեսնել բազմաթիվ հայտնի դերասանների ձեռքում` նույնչափ հայտնի ֆիլմերի դրվագներում:
«Արիվեդերչի», «մորդա», «պախան», «բանդյուկովիչ», «ոսկյա զուգարանակոնք». այս և ևս մի քանի տասնյակ մեմեր ուկրաինական իրադարձություններում անմահացրեցին երկրի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ` որպես մարդ և քաղաքական գործիչ: Նախկին ղեկավարից հետ չմնացին նաև ներկա ղեկավարները: Օ. Տյագնիբոկը, Ա. Յացենյուկը և Վ. Կլիչկոն դարձան «Տրիտուշկի» մեմի կրողները:
Ուկրաինական իրադարձությունների համացանցային արտացոլումները նոր թափ ստացան Ղրիմի` Ռուսաստանի Դաշնության կազմում որպես Դաշնության Սուբյեկտ ներառվելուց հետո: Այս համատեքստում ՌԴ նախագահ Վ. Պուտինին մամուլի էջերում սկսեցին ներկայացնել «Պուտինը` ինչպես Ալեքսանդր 1-ինը» մեմով, հատկապես ՌԴ Դաշնային ժողովին նրա հղած ուղերձից հետո: Մեմի հիմնական շեշտադրումը Պուտինի և Ալեքսանդր 1-ինի միջև նմանությունների ցուցադրումն էր` որպես «ռուսական հողերի միավորողի»:
Ղրիմյան իրադարձությունների հերոսուհի դարձավ Ղրիմի դատավոր Նատայլա Պոկլոնսկայան, ով իր յուրահատուկ արտաքինի և վճռական կեցվածքի շնորհիվ համացանցում հիշվեց «Նյաշ-մյաշ» և «դատավոր տյան» մեմերով:
«Առանց տարբերանշանի զինվորական հագուստով սիրալիր մարդիկ» այսպես բնութագրվեցին Ղրիմում գտնվող այն զորամիավորումները, ովքեր ընդունելի էին տեղի բնակիչների կողմից, իսկ Կիևի իշխանությունների կողմից էլ ներկայացվում էին որպես ռուսական զորամիավորումներ:
Կնյազ Սարոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները