Հայաստանի թռչնաբուծության ոլորտը լուրջ ուշադրության կարիք ունի
Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստան է ներկրվել 2 միլիոն 900 հարյուր հազար հատ՝ վաճառքի համար նախատեսված հավի ձու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալներից: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ձվի շուկայում շարունակվում են անցած տարվա երկրորդ կեսից սկսված բացասական զարգացումները, այն է, բարձր գնով պայմանավորված հանրապետության ձվի պահանջարկի մի մասը բավարարվում է ներկրման հաշվին՝ տեղական արտադրանքի ծավալների նվազման հաշվին:
Մինչ ձվի շուկայում տեղի ունեցած փոփոխությունները բնութագրող թվերը ներկայացնելը նախ մի հանգամանք պարզաբանենք. Հայաստան ներկրվող ձուն բաժանվում է երկու տեսակի: ՊԵԿ-ի հրապարակած վիճակագրական տվյալներում հավի ձվի ներկրման թվերը երկու տողով են ներկայացվում՝ չնայած, որ նրանց ապրանքային կոդը նույնն է: Այդ ձվերը տարբերվում են իրենց մաքսային արժեքով: Տողերից մեկում ներկրված ձվի թիվը սովորաբար մի քանի հարյուր հազարի սահմաններում է լինում, բայց բարձր մաքսային արժեքով. մեկ միավորի միջին մաքսային արժեքը 80-ից 160 դրամ է: Այս տողը բոլոր հաշվետվություններում առկա: Այսպես կոճչված թանկ ձուն նախատեսված չի վաճառքի համար: Այն ներկրում են թռչնաբուծականներն ինկուբացիոն՝ թռչնի գլխաքանակ ստանալու նպատակներով: Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակում ինկուբացիոն նպատակներով ձուն ներկրվել է հարևան Վրաստանից՝ 124 հազար 200հատ 47 հազար 600 դոլար ընհանուր մաքսային արժեքով (միավոր ձվի մաքսային արժեքը կազմում է մոտ 160 դրամ): Անցած տարի ինկուբացիոն ձուն թռչնաբուծականները ներկրել էին Նիդերլանդներից՝ հատը 90 դրամ միջին մաքսային արժեքով:
ՊԵԿ-ի վիճակագրական տվյալների ձվի ներկրման ցուցանիշի երկրորդ տողում, որը վերջին տարիներին հիմնականում բացակայում էր և անցած տարվա երկրորդ կեսից սկսեց նորից ի հայտ գալ, ներկրված ձվի թվերը ներկայացված են միլիոններով: Այս դեպքում միջին մաքսային արժեքը շատ ցածր է. մոտ 40-ից 42 դրամի սահմաններում: Սա հենց այն ձուն է, որը այնուհետև հայտնվում է Հայաստանի խանութներում և վաճառվում բնակչությանը:
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ներկրված վաճառքի համար նախատեսված ձվի մաքսային արժեքը կազմել է 285 հազրա 300 դոլար՝ մեկ միավորի միջին արժեքը 41 դրամ: Այն ներկրվել է երեք երկրներից՝ Բելառուսից՝ 302 հազար 400 հատ, Բուլղարիայից՝ 338 հազար 400 հատ, Իրանից՝ 302 հազար 400 հատ և Ուկրաինայից 1 միլիոն 900 հազար հատ:
Անցած տարվա առաջին եռամսյակում վաճառքի համար նախատեսված ձու ընդհանրապես չի ներկրվել: Վաճառքի համար նախատեսված ձվի ներկրումը սկսվել է անցած տարվա երկրորդ կեսին՝ երրորդ եռամսյակում ներկրվել է 2 միլիոն 400 հազար հատ ձու, իսկ չորրորդ եռամսյակի արդյունքներով վաճառքի համար ներկրված ձվի թիվը հասել է 18 միլիոն 500 հազարի:
Սա այն դեպքում, երբ 2007 թվականից սկսած վաճառքի համար նախատեսված ձվի լուրջ խմբաքանակ Հայաստան է ներկրվել միայն 2011 թվականին՝ առաջին եռամսյակում ներկրվել է 4 միլիոն 400 հազար, երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը հասել է 14 միլիոն 400 հազարի (այս եռամսյակում աճը կազմել է 10 միլիոն հատ), երրորդ եռամսյակում ներկրվել է ևս 4 միլիոն 400 հազար հատ, իսկ 2011 թվականը ամփոփվել է 31 միլիոն 644 հազար հատ ցուցանիշով:
2007-ից 2010 թվականներին ինչպես նաև 2012 թվականին վաճառքի համար Հայաստան ձու կամ ընդհանրապես չի ներկրվել կամ էլ չնչին քանակությամբ՝ տարվա կտրվածքով մեկ կամ երկու միլիոն հատ:
Ստորև բերված ցուցակում ներկայացնում ենք անցած տարիներին վաճառքի նպատակով ներկրված ձվի թվերը և դրանց մաքսային արժեքը:
Եթե Հայաստանի ձվի շուկայում գները չիջնեն և թռչնաբուծական ֆաբրիկաները շարունակեն իրենց շահույթը ստանալ ոչ թե արտադրանքի ծավալներն ավելացնելու, այլ բարձր գին պահպանելու շնորհիվ, ապա ներկրողների մասնաբաժինն այս շուկայում գնալով կավելանա: Այսինքն, գնալով Հայաստանի բնակչության փողերից ավելի շատ կգնա Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի կամ Ուկրաինայի արտադրողների գրպանները: Այս երևույթը հեռանկարում չի կարող բացասական չազդել ողջ այս ոլորտի վրա:
Վահագն Հովակիմյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները