Վ.Բաղդասարյան. Ես փորձեր չեմ կատարել, որպեսզի ես լինեմ, ինձ համար անակնկալ է եղել առաջադրումը
ՀՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդամենը տասը րոպե տևած ՀՀԿ նիստի ավարտին լրագրողներին հավաստիացրեց, որ որևէ հակասություններ իր թեկնածության հետ կապված չի եղել:
«Եթե ներկա գտնվեիք նիստին կզգայիք` նման հակասություններ կա՞ն, թե ոչ: Իսկ եթե կան որևէ խնդիրներ, թերահավատություն, ապա թերահավատները կարող են գալ ինձ մոտ և անմիջապես կփարատվի նրանց թերահավատությունը…. Չկա նման բան»,- նշեց նա` մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե իր թեկնածությունը ոչ բոլոր ՀՀԿ-ականների սրտով է եղել:
ՀՀԿ-ական գործիչը նաև տեղեկացրեց, որ իր թեկնածությանը գործընկերները քվեարկել են միաձայն: Ինչ վերաբերում է այլ անձանց, ովքեր այդ պաշտոնի հավակնությունն են ունեցել, Վ.Բաղդասարյանը նշեց, որ տեղյակ չէ, ամեն դեպքում միայն մի թեկնածու է դրվել քվեարկության. «Դա արդեն պետք է հարցնեք խմբակցության անդամներին և կուսակցության ղեկավարությանը: Համենայն դեպս ես փորձեր չեմ կատարել, որպեսզի ես լինեմ, ինձ համար անակնկալ է եղել նաև առաջադրումը»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նա հանդիսանալու է Գալուստ Սահակյանի գործի շարունակողը, Վ.Բաղդասարյանն արձագանքեց. «Յուրաքանչյուր խմբակցության ղեկավար կմտածի խմբակցության ամբիցիաների մասին` հզորացնելու խմբակցության դիրքերը»:
ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարը նաև չի կարծում, թե խմբակցությունը թևերի է բաժանված` երիտասարդներ, հին գվարդիայի ներկայացուցիչներ. «Չեմ կարծում, դրանք զուտ խոսակցություններ են և շատ համախմբված է եղել խմբակցությունը տարիներ շարունակ: Բնական է, նույնիսկ երեք-չորս հոգանոց ընտանիքում լինում են խոսակցություններ, բանավեճեր, բայց խմբակցության մեջ այդ ամենը կարգավորվել է բանակցային փուլում: Բնական է, եթե չլինեն որևէ վեճեր, բանավեճեր, ապա արդյունավետ աշխատանք չենք կարող ապահովել»: