Բ.Պիպոյան. Չեմ կարծում, որ տրանսպորտի թանկացման մասին խոսակցությունները առաջիկա ժամանակներս սպասելի են
«Մեր դիրքորոշումը չի փոխվել և դեռ ավելին` վերջին ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից և աշխատանքային գործընթացն ապացուցում են, որ այս վիճակն ուղղակի կատաստրոֆիկ է, վատ է և այս վիճակով ուղղակի հնարավոր չէ որևէ բան բարելավել»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով ներգրավված է տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը քննարկող հանձնաժողովի աշխատանքներում:
Նրա պնդմամբ, այդ հանձնաժողովը գին հաշվելու համար չէ, որ աշխատում է, խոսքն այդ կատաստրոֆիկ վատ վիճակից դուրս գալու մասին է` պետք է լուծումներ գտնել. «Հանձնաժողովում 35 հոգի է ներգրավված, բայց ես չեմ լսել որևիցե մեկը, բացի փոխքաղաքապետից առարկայական քննարկի հանձնաժողովում տեղի ունեցածը: Որոշ անդամներ խոսում են, դժգոհում են հանձնաժողովից, որոշ անդամներ ընդամենը խոսում են տրանսպորտի համակարգային խնդիրներից, որոնք հանձնաժողովի հետ ոչ մի կապ չունեն… այնպես որ պետք է հասկանալ, թե հանձնաժողովի, որ անդամն ինչի համար է այնտեղ»:
Իսկ այն մասին, որ իրականում հանրությունը առաջին հերթին հանձնաժողովի աշխատանքներից տրանսպորտի սակագնի փոփոխվել-չփոփոխվելու վերաբերյալ է պարզաբանում սպասում, մեր զրուցակիցն ասաց, որ պետք է մեկ բան հստակ հասկանալ` եթե տրանսպորտային համակարգը կարգավորված չի և վատ է աշխատում, իսկ համակարգի բարելավումը միայն մեքենաների բարելավումը չի, այլ ավելի գլոբալ գործընթաց է ենթադրում, ապա որոշակիորեն խնդիրը կարող է բերել նաև տրանսպորտի թանկացման. «Օրինակ, ինչ-որ դետալ է հարկավոր, դա բերում է մեքենայի ծախսի ավելացման, սա էլ իր հերթին սակագնի թանկացման: Կամ եթե խոսում ենք բարելավումից ու ներկրենք Mersedes մակնիշի ավտոբուսներ, որոնք սպասարկեն քաղաքը, հասկանալի է, որ սակագինը այս դեպքում 300 դրամից էժան չի լինի: Այսինքն` համակարգը պետք է բարելավել նաև հանրային պահանջը հաշվի առնելով»:
Նա նաև ավելացրեց, որ այդ ամենը ներկայացրել են հանձնաժողովում և կշարունակեն ներկայացնել: Բացի այդ ունեն նաև այն մոդելը, որով պետք է կառավարվի համակարգը: Իսկ ինչ վերաբերում է ամենակարևոր հարցին, ապա. «Չեմ կարծում, որ տրանսպորտի թանկացման մասին խոսակցությունները առաջիկա ժամանակներս սպասելի են»:
Բ.Պիպոյանը հիշեցրեց նաև, որ դեռ ամենասկզբում հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համաձայնություն տվել էր միայն այն պարագայում, եթե կազմակերպվեն հանրային քննարկումներ, որի երաշխիքը քաղաքապետարանից ստացել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները