Այն, թե ՀՀԿ-ն մեզ զիջել է հեքիաթ է և հեռու է իրականությունից . Հ.Մարգարյան
«Մենք ներկայացրել ենք օրենքի նախագիծ, տեղյակ եմ նաև, որ մեր գործընկերները (քառյակից) ևս ներկայացրել են իրենց առաջարկությունները կառավարությանը: Բովանդակությամբ երկուսիս ձգտումն էլ դա է, որ պարտադիր կուտակային բաղադրիչը վերացվի»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը` տեղեկացնելով, որ ՕԵԿ-ը օրերս շրջանառության մեջ է դրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների իր նախագիծը, որը բացառում է պարտադիր բաղադրիչը և նախատեսում կամավորության սկզբունք:
Հարցին, թե ինչու ՕԵԿ-ը որոշեց հենց հիմա այդ առաջարկով հանդես գալ, Հ.Մարգարյանը հիշեցրեց, որ իրենք նախկինում էլ բազմիցս բարձրաձայնել են այդ խնդիրը, թեև այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչպես դեմ լինելով ՕԵԿ-ը կողմ քվեարկեց խնդրահարույց օրենքի քվեարկության ժամանակ:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Հ.Մարգարյանը հրաժարվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, քանի որ ՕԵԿ-ն արդեն ընդդիմություն է, պատգամավորը հիշեցրեց, որ ըստ ԱԺ կանոնակարգի` պաշտոնը քվոտայով է տրվում, այնպես որ կարևոր չի իրենք այսուհետ ընդդիմություն են, թե կոալիցիայի մաս:
«Այն, թե ՀՀԿ-ն մեզ զիջել է հեքիաթ է և հեռու է իրականությունից: Գոյություն ունի օրենք, քվոտավորում»,- նշեց ՕԵԿ-ական պատգամավորը: