Եթե Արցախին մի բան պատահի, մենք անկասկած բոլորս այնտեղ ենք լինելու. Սեյրան Օհանյան
Երկրապահների աշխատանքի, ծառայության, պայքարի արդյունք է, որ այսօր մենք խաղաղ արարում ենք: Այդ մասին այսօր, Երկրապահի օրը, Եռաբլուր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա չցանկացավ մեկնաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները` ասելով. «Եկեք լավ բաներից խոսենք» ու շարունակեց. «Երկրապահի ստորաբաժանումների հենքի վրա է ստեղծվել Հայոց բանակը, որն այսօր ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունը: Հայկական բանակը իր զորահավաքային ռեսուրսի, ազատամարտիկների, երկրապահների հետ միասին այսօր մի կուռ կառույց է և անհրաժեշտության դեպքում միշտ էլ պատրաստ է լինելու կանգնելու մեր հայրենիքի պաշտպանությանը: Հայոց բանակը Արցախի անվտանգության երաշխավորն է և եթե Արցախին մի բան պատահի, մենք անկասկած բոլորս այնտեղ ենք լինելու և անհրաժեշտության դեպքում պայքարելու ենք ամեն մի թիզ հողի համար»:
Նշենք, որ մայիսի 7-ին Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման Խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած է 6 կետից:
Ամերիկացի համանախագահն իր ելույթում թվարկել էր վեց տարր` «տևական խաղաղություն» ապահովելու համար: Մասնավորապես այդ տարրերից երրորդը վերաբերում էր ազատագրված տարածքներին, ինչի վերաբերյալ նա ասել էր. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»:
Հարակից հրապարակումներ`
Ուզըմ են, մենք էլ պտի չտանք. Մանվել Գրիգորյանը` Ուորլիքի հայտարարության մասին
Վերադարձ նախկին սահմաններին չի լինի. ԼՂՀ-ից արձագանքել են Ուորլիքին
Ջ. Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին
Ժիրայր Սեֆիլյանը՝ Ուորլիքի հայտարարության մասին. Թող չհամարձակվեն խոսքից գործի անցնել