Ավետարանական համայնքապետը` Առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների և շեղումների մասին
Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ, դոկտոր Հարություն Սելիմյանը նախօրեին հայտարարեց, որ Հայ Ավետարանական Եկեղեցին ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցին որպես մայր եկեղեցի և աղանդ չէ: Ասուլիսի թեման էր` «Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին երեկ, այսօր և ապագա մարտահրավերերի առջև: Հայկական մշակույթի անվտանգությունն ու պահպանության խնդիրները Սիրիայում, հայ համայնքի վիճակը, կապը Հայաստանի հետ»:
Նրա հիմնավորումներից մեկն այն է, որ Առաքելական եկեղեցին Համաշխարհային եկեղեցիների խորհրդի անդամ է, որտեղ կան տարբեր եկեղեցիներ և որոնք փոխճանաչում են միմյանց: Այս կառույցի անդամ է նաև Ավետարանական եկեղեցին, բայց ոչ հայկականը:
Հարություն Սելիմյանը նաև շեշտեց, որ այդ կառույցի մեջ Հայ առաքելական եկեղեցին լրիվ հաղորդակցության մեջ է Ավետարանականի հետ:
«Ուրեմն, մենք չենք կարող ասել, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուց դուրս գտնվող եկեղեցիներ շեղում են կատարում: Երկրորդն այն է, որ Ավետարանական եկեղեցին վերահաստատված եկեղեցի է 1846 թվականին և մնայուն կերպով ճանաչում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցին որպես Մայր եկեղեցի, բայց ստիպողաբար ինքն իրեն վերակառուցեց և որպես համայնքային դրություն ընդունեց, որպես եկեղեցի հայտարարվեց: Այսօր վայելում է միջազգային ճանաչում, սերտ հարաբերության և գործակցության մեջ է Առաքելական եկեղեցու հետ»,- ասաց նա:
Panorama.am-ի թղթակիցը Հարություն Սելիմյանին խնդրեց մեկնաբանել իրենց եկեղեցու կողմից արված վերամկրտության փաստը` նշելով, որ եղել են մարդիկ, ովքեր կրկնակի մկրտություն են անցել: Հարություն Սելիմյանը նախ կտրականապես հերքեց իրենց կողմից վերամկրտություն կատարելու հնարավորությունը:
«Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ընդունում է մանուկների և չափահասների մկրտությունը: Եվ որովհետև մնայուն եկեղեցական և հոգևոր հաղորդակցության մեջ է Առաքելական և Կաթողիկե եկեղեցիներին հետ, ուրեմն մեր եկեղեցին ընդունում է քույր եկեղեցիների մկրտությունները: Մենք ուզում ենք մեկ անգամ ևս շեշտել, որ Ավետարանական եկեղեցին հիմնովին հերքում և մերժում է կրկնամկրտությունը: Մենք բացարձակապես կրկնամկրտություն չենք կատարում, քանի որ դա ինքնին ընդդիմություն է մեր վարդապետությանն ու աստվածաբանությանը»,- շեշտեց նա:
Հարություն Սելիմյանը ասուլիսի սկզբում նաև նշել էր, որ իրենցից դուրս եկած կառույցներ կան, որոնք որևէ կերպ կապ չունեն իրենց հետ:
Panorama.am-ի թղթակիցը նրանից հետաքրքրվեց` գուցե՞ հենց այդ կառույցներն են կատարել վերամկրտություն:
«Ընդհանրապես պետք չէ վրիպակների վրա սկզբունքներ և տեսություններ հիմնավորեք: Առաքելական, Կաթողիկե, կամ միջազգային որևէ եկեղեցու մեջ արդյո՞ք չի կարող լինել, որ որևէ վրիպում կամ շեղում կատարվի: Դա չի հերքում դրված եկեղեցու ընդհանուր աստվածաբանությունը: Որևէ մեկ եկեղեցական կյանքի մեջ կատարված սխալի մասին չենք խոսում, այլ խոսում ենք եկեղեցու ճշգրիտ դավանանքի, վարդապետության և աստվածաբանության մասին: Մենք այսօր շատ հստակ ասում ենք, որ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին մերժում է կրկնամկրտությունը, իր աստվածաբանական և վարդապետական սկզբունքից ելնելով` վերամկրտություն չի կատարում: Ճանաչում է հաղորդակցության մեջ եղող եկեղեցիների մկրտությունները»,- ասաց նա:
Panorama.am-ի մեկ այլ հարցին` որքանո՞վ է Ավետարանականը շեղվում Առաքելական եկեղեցուց և ինչպե՞ս կմեկնաբանեն կարծիքները, որոնք իրենց եկեղեցին աղանդ են համարում, պատասխանեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ Մկրտիչ Մելքոնյանը:
Նախ նա նկատեց, որ դա աստվածաբանական հարցում է, իսկ պատասխանը պարզ է. «Աղանդ կամ շեղում բառի սահմանման մեջ է ամբողջ հարցումի պատասխանը: Եթե խոսենք աստվածաբանության լեզվով, ապա կտեսնեք, որ բոլորը համաձայնում են մեկ բանի վրա. Առաքելական, Կաթողիկե Ավետարանական եկեղեցիների աստվածաբանությունը, եկեղեցաբանությունը, քրիստոնեական կյանքը ամփոփված է և հիմնավորված առաքելական և նիկիական հանգանակի վրա: Դրանք մեր աստվածաբանության կորիզն են: Երեք եկեղեցիներինը նույնն է: Եթե կուզեք իմանալ շեղվա՞ծ է, թե` ոչ, մի հարցում արեք և ասեք` առաքելական հանգանակն ընդունո՞ւմ եք, նիկիական հանգանակն ընդունո՞ւմ եք: Եթե չեն ընդունում, նշանակում է աղանդ է և շեղվածություն: Մեր աստվածաբանությունները չեն տարբերվում, պաշտամունքի ձևն ու կարգն են տարբերվում: Ավետարանականում ավելի պարզվեցված է, այդ կարգը չունի, պարզապես Աստծո խոսքի վրա հիմնված, Աստծուն փառաբանելու, պաշտելու, շնորհակալություն հայտնելու, պատգամը սերտելու մասին է: Կառույցը կամ պաշտամունքի ձևը պետք չէ շփոթել աստվածաբանության հետ»:
Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ, դոկտոր Հարություն Սելիմյանն էլ նշեց, որ եկեղեցաբանական տարբերություններ կան:
«Ես ձեզ ասեմ, որ նույն ինքը Առաքելական եկեղեցու մեջ այսօր երկու աթոռների միջև երկխոսության հանձնաժողովներ կան: Առաքելական և Կաթողիկե եկեղեցիների միջև երկխոսության հանձնաժողովներ գոյություն ունեն, այնպես, ինչպես Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Առաքելական եկեղեցու միջև դարձյալ եկեղեցաբանական հարցերի հետ կապված երկխոսության հանձնաժողով գոյություն ունի: 1-ին դարի եկեղեցուց մինչև այսօր մնայուն կերպով քննարկումներ են ունեցել: Հիմնապաշտ եկեղեցիները հիմնական քրիստոնեական վարդապետությունների շուրջ համաձայեցված են, բայց երկխոսություն է ընթանում եկեղեցաբանական տարբերությունների շուրջ: Դրա մեջ է մտնում քահանայության, հավատացյալի հասկացողության նյութը, սրբադասության գլխավոր նյութը: Մինչև այսօր նույն եկեղեցու մեջ սրբադասության հետ կապված երկխոսության հանձնաժողով ունեն, ուրեմն տակավին, համաձայնեցված չեն: Մենք պետք է տարբերություն դնենք` հիմնական վարդապետությունների շուրջ համաձայնություն, ոչ հիմնական խնդիրների մեջ երկխոսություն և բանակցություն»,- մանրամասնեց Սելիմյանը:
Panorama.am-ը հնչած տեսակետների շուրջ առաջիկայում կներկայացնի նաև Հայ Առաքեալական եկեղեցու մեկնաբանությունները` թեման բազմակողմանի և օբյեկտիվ լուսաբանելու համար: