ԱՄՆ պետքարտուղարություն. Ջեյմս Ուորլիքը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ հարցում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ԱՄՆ քաղաքականությունը և հաստատված սկզբունքները, որոնք հիմք պետք է հանդիսանան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է հենց հիմա համանախագահը հանդես գալիս նման հայտարարությամբ և արդյո՞ք կարելի է ակնկալել ինչ-որ նոր քայլեր Միացյալ Նահանգների կողմից, Ջեն Փսակին նշել է, թե չի կարծում, որ դա նոր հայտարարություն է:
«Չեմ կարծում, որ դա նշանակում է հայտարարել որևէ նոր բան, քան վերահաստատել մեր բազմամյա դիրքորոշումն ու հանձնառությունն այդ գործընթացի նկատմամբ»,- ընդգծել է Ջեն Փսակին:
Ճեպազրույցի ընթացքում հարց է հնչել նաև, թե ի՞նչ դիրքորոշում ունի պետքարտուղարությունը այն կապակցությամբ, որ Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Միացյալ Նահանգների կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ջեն Փսակին զարմանքով հայտնել է, թե տեղյակ չէ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի այդ որոշման մասին և խնդրել է ժամանակ տալ իրեն՝ ճշտելու, թե արդյոք պետքարտուղարությունը որևէ մեկնաբանություն ունի այդ առնչությամբ:
Նա նաև ընդգծել է, թե որևէ կապ չի տեսնում Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ակտիվացման միջև:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին ելույթով հանդես է եկել Քարնեգիի միջազգային հիմնադրամում: Նա առանձնացրել է հակամարտության կարգավորման 6 հիմնական տարրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին