Ուկրաինայի արևելքում ապստամբները չեն հետաձգել հանրաքվեի օրը
Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականները որոշել են չտեղափոխել մայիսի 11-ին նախատեսված Ուկրաինայի արևելյան շրջանների ինքնավարության հանրաքվեն:
«Անցկացվել է քվեարկություն, և այդ քվեարկության արդյունքում հարյուրտոկոսանոց որոշում է կայացվել չտեղափոխել հանրաքվեի օրը, այն կկայանա մայիսի 11-ին», - հայտարարել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» (ԴԺՀ) առաջնորդներից Դենիս Պուշիլինը Դոնեցկի մարզային կառավարման շենքում անցկացված քվեարկությունից հետո, հաղորդում է BBC-ի ռուսալեզու ծառայությունը:
ԴԺՀ-ի համանախագահ Սերգեյ Ցիպլակովը նույն աղբյուրին հայտնել է, որ հարավ-արևելքի բնակչությունը հանրաքվեի հետ է կապում իր բոլոր հույսերը` կապված տարածաշրջանում անվտանգության վերականգնման հետ:
«Մարդիկ սովորել են հույսները դնել միայն իրենց վրա: Վլադիմիր Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո մեր ակտիվիստները ստացել են հարյուրավոր, հազարավոր զանգեր և հաղորդագրություններ` հանրաքվեն չտեղափոխելու խնդրանքով, և հայտարարել են, որ պատրաստ են իրենց մարմնով պաշտպանել դրա անցկացումը», - ասել է Ցիպլակովը:
Նշենք, որ չորեքշաբթի օրը Վլադիմիր Պուտինը ԵԱՀԿ-ի համանախագահնրի հետ զրույցից հետո կոչ էր արել հետաձգել մայիսի 11-ին նախատեսված հանրաքվեն: Նրա հայտարարությամբ` մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրությունները «քայլեր են ճիշտ ուղղությամբ»:
Միևնույն ժամանակ Եմ-ն և ԱՄՆ-ն դրական էին գնահատել Պուտինի հայտրաարությունը և այն որակել էին որպես շրջադարձ դեպի դրական կողմ:
Չնայած Պուտինի հայտարարությանը` Ուկրաինայի արևելյան քաղաքները շարունակում են պատրաստվել հանրաքվեին, իսկ որոշ առաջնորդներ նույնիսկ Դոնեցկի քվեարկությունից շատ առաջ հայտարարել էին, որ հանրաքվեն չարժե հետաձգել: