Բուենոս-Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան է բացվելու
Արգենտինայի մարդու իրավունքների պաշտպանության նախարար Կլաուդիո Ավրուջը «Prensa» պարբերականի հետ զրույցում նշել է, որ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսի իշխանությունները Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանի կառուցման համար հայ համայնքին սեփականություն կնվիրաբերեն: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Նա ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող նախագծի կարևորությունը, որին միանում են և Բուենոս-Այրեսը, և ողջ Արգենտինան: Նաև հավելել է, որ սա մի նախաձեռնություն է, որից օգուտներ կքաղեն և հայկական համայնքը, և առհասարակ ամբողջ մարդկությունը:
Բուենոս Այրեսի հայ ազգային խորհրդի տնօրեն Կարոլինա Կարագյոզյանը նշել է, որ սա հավաքական ծրագիր է, որը ցույց կտա Հայոց ցեղասպանության հիշատակը վառ պահելու համար հայ համայնքի պայքարը, ինչպես նաև ցեղասպանության և մարդու իրավունքների կարևորության հարցում մտորելու համար առիթ կընձեռի: