Этот День Победы…. Գյումրիում տոնական շքերթ է (լուսանկարներ)
Ժամը 11-ին Գյումրիի կենտրոնում Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերի ղողանջով ազդարարվեց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 69-ամյակին և Շուշիի ազատագրմանը նվիրված ռազմական շքերթի մեկնարկը: Շքերթ, որին մասնակից լինելու համար գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը Վարդանանց հրապարակ էին ժամանել դեռ ժամեր առաջ` տարեցներ կարմիր մեխակներով, փոքրիկները դրոշներով ու գույնզգույն փուչիկներով: Իսկ խորհրդային միության նորաձև հագուստներով կանայք ակամայից մի պահ վերադարձրին խորհրդային տարիների շունչը:
Շքերթը կազմակերպվել է հայ-ռուսական զորամիավորման հետ համատեղ, շնորհավորանքներն ու ուղերձները նախ հնչում են հայերեն, ապա նաև ռուսերեն: Նույն հաջորդականությամբ հնչեցին նաև Հայաստանի և Ռուսաստանի օրհներգները: Մինչ շքերթի պաշտոնական մասին անցնելը` ռազմական մեքենաներով մեծ հանդիսավորությամբ հրապարակ ժամանեցին վետերանները, որոնք փառքով ու պատվով զբաղեցրին իրենց համար նախատեսված տեղերը: Հայաստանի եռագույնը, ռուսական «տրիկոլորը», ինչպես նաև ԽՍՀՄ կարմիր դրոշը… ահա այն գույները, որոնք այս պահին զարդարում են Վարդանանց հրապարակը:
Հայտարարվեց` Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Գյումրիից ֆրոնտ է մեկնել ավելի քան 12 հազար մարդ, որոնցից երեք հազարն այդպես էլ չեն վերադարձել հայրենիք. «Հայորդիները ակտիվ մասնակցություն են ունեցել Հայրենական Մեծ պատերազմին, 600 հազարից միայն 300 հազարն է վերադարձել: Տվել ենք և’ հերոսներ, և’ գեներալներ, և’ ծովակալ… Փառք ու պատիվ նրանց, ո~ւռռռռ աաաաաաա»:
Ի դեպ նշենք, որ տոնական տրամադրությունը նկատելի էր դեռ Գյումրի մտնող դարպասներից, ինչը գրավում էր նաև զբոսաշրջիկներին: Վերջիններս մինչ Վարդանանց հրապարակ հասնելը ոգևորությամբ լուսանկարվում էին հնությունը պահպանած քաղաքի պատերի, ծառուղու, եկեղեցու տարածքում:
Պատվավոր հյուրերի թվում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի թեմի առաջնորդը, Գյումրիում ՌԴ պատվո հյուպատոս Եվգենի Կոնիշևը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, հոգևորականներ, մտավորականներ:
Տեսանյութը` քիչ անց: