ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Ուորլիքի ելույթի նպատակը նոր քաղաքականության մասին հայտարարելը չէր
Ջեյմս Ուորլիքի ելույթում նորից ամրագրվում են այն սկզբունքները, որոնք արծարծվում էին տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում: Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
«Նա գտնում էր, որ օգտակար կլիներ ևս մեկ անգամ կրկնել այն սկզբունքները, այն վեց կետերը, որոնք հիշատակված են Մինսկի խմբի փաստաթղթերում, որպեսզի Հայաստանում, Ադրբեջանում դրանք նորից թարմացվեն ու դրանց շուրջ քննարկում ընթանա»,- ասաց դեսպանը:
Ջ. Հեֆերնի խոսքով, Ջ. Ուորլիքի ելույթի նպատակը նոր քաղաքականության մասին հայտարարելը չէր, այլ նպատակն այն է, որ խաղաղության համաձայնագրի այդ կետերի շուրջ նոր քննարկում սկսվի, որ բոլոր տարածքները, երկու երկրների ժողովուրդները պատրաստ լինեն այն պահին, երբ խաղաղության համաձայնագիրը կայանա:
ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահ, հնարավոր համարո՞ւմ է, որ առաջիկայում ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ հարցին ի պատասխան, դեսպանն ասաց. «Պարոն Ուորլիքը հստակ նշել էր, որ բոլոր կողմերի դիրքորոշումները գործընթացի համար էական են լինելու: Իսկ կոնկրետ մասնակցության հարցը պետք է կողմերի միջև բանակցվի: Կողքից ոչ մեկը չի կարող դա պարտադրել»:
Նախորդիվ՝
Հովիկ Աբրահամյան. Ես դեմ եմ Ուորլիքի հայտարարած մոտեցումներին
Սեյրան Օհանյան. Մեր նպատակներում հողերը հանձնել չկա
Հայաստանում ԱՄՆ դեսպանը ներկայացրել է Ուորլիքի հայտարարության 3 պատճառ (տեսանյութ)
Հեֆերնի «ուշագրավ» գրառումները ԼՂ հակամարտության վերաբերյալ
Ժիրայր Սեֆիլյանը՝ Ուորլիքի հայտարարության մասին. Թող չհամարձակվեն խոսքից գործի անցնել