Լուկաշենկո. «Ամեն գնով պետք է կասեցնել ուկրաինական ողբերգական իրադարձությունները»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը բնութագրել է որպես ողբերգություն և նշել, որ ամեն գնով պետք է կասեցնել դրանց շարունակումը, ինչ գին էլ, որ այն պահանջի: Փոխանցում է «Ռիա-նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ցավալի է խոսել այն մասին, որ մեզ համար հարազատ երկիր Ուկրաինան դարձել է թեժ կետ: Եղբայրական սլավոնական երկրի գլխին քաղաքացիական պատերազմի ամպեր են կուտակվել, և եղբայրը եղբոր վրա ձեռք է բարձրացրել: Պետք է վերջ դնել այդ ամենին, ինչ գին էլ, որ այն մեզ համար արժենա»,- նշել է Լուկաշենկոն:
Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերով` Բելառուսին անհանգստացնում է նաև այն փաստը, որ այդ իրադարձությունները «որպես առիթ են օգտագործվում բելառուսական սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ական ուժերը ակտիվացնելու համար»: Ըստ նրա` այս իրավիճակը պահանջում է «յուրահատուկ աչալրջություն և ազգի համախմբվածություն»:
Բերելով Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրների օրինակներ` Լուկաշենկոն նշել է, որ այդ կերպ տեղի է ունենում ինքիշխան պետություններում քաղաքական կայունության խարխլում` հանուն քաղաքական և աշխարհաքաղաքական ինչ-որ շահերի:
«Մեր զինուժը ցանկացած պահի` թե ներքին և թե արտաքին միջամտության դեպքում, պատրաստ է տեր կանգնելու Բելառուսիայի ինքիշխանությանը, քաղաքացիական խաղաղությանը և համաձայնությանը»,- ընդգծել է Լուկաշենկոն: