Ս. Օհանյան. Գալիք սերունդն ավելի լավ է պաշտպանելու իր հայրենիքը
«Այն, ինչ կատարել են մեր պապերը, հայրերը Հայրենական պատերազմի ժամանակ, այսօր երկարատև խաղաղության համար անչափ կարևոր է: Դա իր արտացոլումն է գտել նաև մեր սերնդի գործունեության մեջ՝ Արցախում մենք կարողացանք հաղթանակ տանել»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ նրանց քաջագործություններով, սխրագործություններով դաստիարակվելու շնորհիվ է, որ հաղթել են արցախյան գոյապայքարի ժամանակ ու այս տոնը հայ ժողովրդի համար դարձել է եռատոն. «Մայիսը հաղթանակների ամիս է: Շուշին ազատագրեցինք, ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը և կարողացանք հայկական զինուժի, կամավորականների հետ միասին հաղթանակներ տանել արցախյան պատերազմի ժամանակ»:
Ս. Օհանյանը համոզված է, որ գալիք սերունդն ավելի լավ է պաշտպանելու իր հայրենիքը, ավելի անձնուրց, նվիրված:
«Ամեն ինչ անելու են, որ խնդիրը ռազմի դաշտ չհասնի, այլ խելացի անվտանգության համակարգի ստեղծմամբ հարցը լուծելու են»,- ասաց պաշտպանության նախարարը: