Շավարշ Քոչարյան. Ուորլիքը ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն առաջընթաց ապրի
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարած վեց կետը նորություն չէ: Դրանց կարելի է ծանոթանալ համանախագահների հայտարարություններում: Իսկ Ուորլիքի հայտարարության իմաստն այն է, որ ցանկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն առաջընթաց ապրի»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Ըստ նրա, բոլորի համար էլ հասկանալի է, որ հակամարտության առաջընթացի համար երկու բնական, տրամաբանական պայման կա. առաջին՝ կողմերի միջև վստահության մթնոլորտ լինի, քանի որ առաց դրա նմանատիպ բարդ հարցերում առաջընթաց չի կարող արձանագրվել, երկրորդ՝ բանակցային գործընթացում լիարժեք ներգրաված լինի հակամարտության հիմնական կողմը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
«Քանի դեռ Բաքուն խոչընդոտում է թե վստահության մթնոլորտի ամրապնդմանը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք ներգրավմանը, հասկանալի է, որ այդ բարի ցանկությունները, որ լինի առաջընթաց, քիչ հավանական է իրականություն դառնան»,- ասաց փոխարտգործնախարարը:
Շ. Քոչարյանը նշեց, որ այդ վեցը կետը մշտապես օրակարգում եղել է և համանախագահը միայն հիշեցրել է. «Մադրիդը վաղուց կա, վաղուց է հայտարարվել, որ ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը պետք է կարգավորվի միջազգային երեք նորմերի հիման վրա (ուժից կամ ուժի սպառնալիքից հրաժարում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում) և վեց տարրերը»:
Փոխնախարարի խոսքով, Բաքուն այդ երեք սկզբունքից մերժում է երկուսը՝ չի հրաժարվում ուժի սպառնալիքից և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ըստ էության, մերժում է և միայն շեշտադրում է անում մեկ սկզբունքի՝ տարածքային ամբողջականության վրա, այն էլ աղավաղված:
«Այսքանը բավական է, որպեսզի հանգենք այն եզրակացության, թե ով է խոչընդոտում բանակցային գործընթացի առաջընթացը»,- ասաց Շ. Քոչարյանը:
Նախորդիվ՝
Հովիկ Աբրահամյան. Ես դեմ եմ Ուորլիքի հայտարարած մոտեցումներին
Սեյրան Օհանյան. Մեր նպատակներում հողերը հանձնել չկա
Հայաստանում ԱՄՆ դեսպանը ներկայացրել է Ուորլիքի հայտարարության 3 պատճառ (տեսանյութ)
Հեֆերնի «ուշագրավ» գրառումները ԼՂ հակամարտության վերաբերյալ
Ժիրայր Սեֆիլյանը՝ Ուորլիքի հայտարարության մասին. Թող չհամարձակվեն խոսքից գործի անցնել