Մարիուպոլում սպանվել է մոտ 20 մարդ. Ուկրաինայում բախումները շարունակվում են
Ուկրաինայի հարավ-արևելքում, Մարիուպոլ քաղաքում զինված բախումների արդյունքում սպանվել է 20 մարդ, 4-ը՝ գերի են ընկել: Այս մասին «Зеркало недели» լրատվական գործակալության փոխանցմամբ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«Մոտ 20 ահաբեկիչ է ոչնչացվել, 4-ը՝ գերի են վերցվել: Հարձակվողների մեծ մասը, թողնելով զենքերը, թաքնվել են քաղաքի բնակելի տներում: Մեր կորուստներն են՝ մեկ սպանված, 5 վիրավոր»,- գրել է Ավակովը՝ ավելի ուշ հայտնելով, որ ուկրաինական զինված ուժերի կորուստներն ավելի շատ են:
Նախարարը նշել է, որ մոտ 60 զինված մարդ փորձ է արել գրավել քաղաքի ոստիկանության բաժանմունքը, ինչից հետո սկսված բախումը վերածվել է զանգվածային փոխհրաձգության, որին ավելի ուշ միացել են ուկրաինական հատուկ ստորաբաժանումները:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում երկրի դաշնայնացման կողմնակիցները չեն ճանաչում կենտրոնական իշխանության լեգիտիմությունը և պահանջում են անցկացնել հանրաքվե իրենց շրջանների կարգավիճակի վերաբերյալ:
Կիևը հայտարարել է այդ շրջաններում «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, որպեսզի ապահովվի մայիսի 25-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Երկրի դաշնայնացման կողմնակիցները զինված դիմադրություն են ցուցաբերում: Մայիսի 2-ից սկսած Սլավյանսկում, Կրամատորսկում, Օդեսայում և այլուր բախումների արդյունքում զոհվել են մի քանի տասնյակ մարդիկ, հարյուրավորները վիրավորվել: