«Հայաստանում մթնոլորտը սեռականացվել է». սեքսապաթոլոգ
Ամբողջ աշխարհում մայիսի 10-ը նշվում է որպես Սեքսապաթոլոգների ﬕջազգային օր: Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սեռական դաստիարակության խնդիրներին, նշեց, որ հասարակության համար այն ﬔծ նշանակություն ունի:
Ըստ նրա` եթե տարիներ առաջ հետաքրքրությունը սեքսի նկատմամբ ավելի մեծ էր, ապա այսօր հետաքրքրությունը մարել է: Պատճառը` սեռական կյանքի մասին համացանցում առկա բազմաբնույթ նյութերն են: Դա, սեքսապաթոլոգի խոսքերով, մի կողմից ողջունելի է, մյուս կողմից` վտանգավոր:
Վ.Շահրամանյանը խոսելով առաջին սեռական հարաբերություն ունենալու տարիքի մասին՝ նկատեց, որ վերջին տարիներին այն փոխվել է. եթե նախկինում միջինում կազմում էր 18 տարեկանը, հիմա` տղաների դեպքում 16 տարեկանն է։ Սա, ըստ սեքսապաթոլոգի, դա ունի իր բացատրությունը` Հայաստանում մթնոլորտը «սեռականացվել է»:
«Ներկայումս համացանցում բավականաչափ ինֆորմացիա կա, որը հաճախ անգրագիտաբար է մատուցված` ներկայացնելով մեծ վտանգ, բացի այդ առկա են ոչ այդքան ողջունելի ազատ բարքերը։ Արդյունքում, այսօրվա երիտասարդները ձգտում են ավելի շուտ հասնել այդ տարիքին՝ չունենալով համապատասխան գիտելիքներ»,- ասաց նա։
Իսկ աղջիկների դեպքում, սեքսապաթոլոգը խորհուրդ է տալիս առաջին սեռական հարաբերությունն ունենալ ավելի ուշ: Միաժամանակ, Վ.Շահրամանյանը նշեց, որ բարեբախտաբար, մեզանում, քիչ թե շատ, աղջիկների մոտ ապրում է զսպվածության համախտանիշը, բայց չի կարող ասել, որ դա էլ միանշանակ դրական է։
«Տնային պայմաններում աբորտները, կուսաթաղանթի վերականգնումները միտում ունեն տարածվելու»,- նշեց նա:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանն էլ ընդգծեց, որ սեռական կյանքի սկիզբը բավական մեծ սթրեսային գործոն է օրգանիզմի համար։
«Խորհուրդ է տրվում սեռական կյանքը սկսել գոնե 18 տարեկանում, քանի որ աղջիկների օրգանիզմը, կոնքերը մինչև այդ տարիքը լիարժեք ձևավորված չեն: Բացի այդ` հոգեբանական հասունացման պահ կա»,- նշեց նա:
Անդրադառնալով արտագաղթին, գինեկոլոգն ասաց, որ արտագաղթի աճը նպաստում է, որպեսզի Հայաստանում շատանան սեռավարակները:
«Արտագաղթի պատճառով Հայաստանում արական սեռի ներկայացուցիչները պակասում են: Արտերկրում` նրանք սեռական կյանքով են ապրում, շփվում են սեռավարակների հետ, իսկ Հայաստան վերադառնալուն պես՝ առանց ստուգվելու ամուսնանում են և վարակում կողակցին, ինչն էլ արդեն լուրջ խնդիրներ է առաջացանում», -ասաց Լ.Կուջոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա