Ղրղզստանը հաստատել է Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզը»
Ղրղզստանի կառավարությունը երկուշաբթի տեղի ունեցած փակ դռներով նիստի ընթացքում հավանության է արժանացրել Մաքսային միությանը անդամակցելու երկրի «ճանապարհային քարտեզը»: Այս մասին տեղեկացնում է «Իտառ-Տասս» լրատվական գործակալությունը` հղում անելով Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարությանը:
««Ճանապարհային քարտեզի» նախագիծը ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և ավելի վաղ հավանության է արժանացել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը միանալու հարցերով բանակցություններ վարող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից»,- ասված է հայտարարության մեջ:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ` Ղրղզստանը շարունակելու է աշխատանքներ տանել «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև Մաքսային միության պայմաններին երկրի տնտեսական պայմանների համապատասխանեցման ուղղությամբ:
«Նիստի ժամանակ նաև որոշում է ընդունվել նախագիծը ուղարկել Գերագույն խորհուրդ` համապատասխան հանձնաժողովներում քննարկումների ներկայացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Մաքսային միությանը միանալու պաշտոնական հայտը Ղրղզստանի կողմից ներկայացվել էր 2012 թվականին: Այդ պահից մինչ այժմ կողմերը անդամակցության գործընթացի և դրա պայմանների շուրջ խորհրդատվական աշխատանքներ են իրականացրել, որոնց վերջնարդյունքում էլ կազմվել է Մաքսային միությանը միանալու Ղրղզստանի «ճանապարհային քարտեզը»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի միջոցառումների ժամանակացույց` «ճանապարհային քարտեզը», հաստատել էր այս տարվա հունվարի 23-ին, որով նախատեսվում է անցկացնել 262 միջոցառում: Այն բաղկացած է 20 գլուխներից և ենթադրում է տարաբնույթ աշխատանքներ մաքսային վարչարարության, տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական, տրանսպորտի և ենթակառուցվածքների, առևտրային քաղաքականության` ընդհանուր առմամբ 20 ոլորտներում: