«Ժառանգության» փոխնախագահ. Հայաստանը դարձել է անձայն, լուռ երկիր
Հայաստանը համաշխարհային քաղաքական օրակարգից կամաց-կամաց դուրս է գալիս: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Հայաստանը դարձել է անձայն, լուռ երկիր: Ֆրանսիայի նախագահ Օլանդն այսօր կգա, բարեբախտաբար, մեզ կարող է մի փոքր մեկուսացումից դուրս հանել»,- նշեց նա:
Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, թե՝ «պետք է չեզոքացնել այն ՀԿ-ների գործունեությունը, որոնք սեպ են խրում հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների մեջ», Ա. Մարտիրոսյանն ասաց, որ որևէ երկրի դեսպան իրավունք չունի Հայաստանին ասել, թե ինչպիսի ներքին քաղաքականություն պետք է վարել:
Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթի մասին էլ խոսելիս նա նշեց, որ Ջ. Ուորլիքը որևէ նորություն չի ասել:
«Ֆրանսիան այն երկիրն է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրում իր մոտեցումներով հավասարակշռություն է մտցնում: Ինչքան կարող ենք օգտվել այդ իրավիճակից, այնքան մենք կշահենք: Լինելով հաղթած երկիր, ճիշտ խաղալով՝ կարող ենք գերտերություններից օգուտներ քաղել»,- կարծիք հայտնեց Ա. Մարտիրոսյանը: