Ստեփանակերտում կանցկացվի «Քույրական գործի արդի խնդիրները» թեմայով համագումար
ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիան (նախագահ Ալինա Քուշկյան) Արցախի Բուժքույրերի միավորման և Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի հետ համատեղ մայիսի 12-13-ը Ստեփանակերտում անցկացվելու է բուժքույրերի միջազգային օրվան նվիրված «Քույրական գործի արդի խնդիրները» թեմայով համագումար:
ԼՂՀ ԱՆ լրատվական ծառայությունից, տեղեկացնում են, որ համագումարին մասնակցելու է 450 մասնակից ԼՂՀ-ից և Հայաստանից: Երկու օր շարունակ մայրաքաղաքից ժամանած մասնագետներն իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն համաժողովի մասնակիցներին: Բժշկագիտության վերջին նվաճումները, այսօր աշխարհում ընդունելի չափորոշիչները, ուղեցույցները կներկայացվեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական ձևաչափով:
Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպվեն նաև Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջի դասախոսների համար: Կներկայացվեն արդի բժշկական կրթական ծրագրերը, դրանց իրականացման տեխնոլոգիաներն, ինչպես նաև նոր չափորոշիչների ներդրումը միջին մասնագիտական կրթական համակարգում:
«Էրեբունի» պետական բժշկական քոլեջը Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջին կնվիրաբերի դասագրքեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ, «Բուժքույրական լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի նմուշներ: Համագումարի շրջանակում հետդիպլոմային կրթական դասընթացները կշարունակվեն ևս մեկ շաբաթ:
Նշենք, որ բուժքույրերի միջազգային օրը աշխարհում նշվում է 1965 թվականից` ի պատիվ անգլուհի Ֆլորենս Նայթինգեյլի: Հենց նրա գլխավորությամբ գթության քույրերն առաջին անգամ իրենց մասնագիտական հմտությունները ցուցաբերեցին Ղրիմյան պատերազմի ժամանակ: Այդ տարիներին էր, որ գթության քույրերի դերն առողջապահության ոլորտում կարևորվեց և այդուհետ բժիշկ ու գթության քույր հասկացություններն անբաժանելի էին: 141 երկրի բուժքույրեր միավորվելով մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ` ձևավորեցին Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա