Թուրքմենստանը կօգնի նվազեցնել Չինաստանի գազային կախվածությունը Մոսկվայից
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը այսօր քառօրյա պետական այցով ժամանել է Չինաստան և հանդիպումներ է ունենալու այդ երկրի առաջնորդ Սի Ձինպինի և կառավարության ներկայացուցիչների հետ:
Թուրքմենա-չինական հարաբերությունները վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն զարգացել են և երկրների առաջնորդները Պեկինի և Աշգաբադի հարաբերությունները գնահատում են որպես ռազմավարական:
Թուրքմենստանի և Չինաստանի միջև կապերի ամրապնդմանը նոր լիցք է հաղորդել Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի պետական այցը Թուրքմենստան՝ 2013թ.-ի սեպտեմբերի 2-3-ը: Այցի ընթացքում ստորագրվել են 13 համաձայնագրեր՝առևտրա-տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ:
Սի Ձինպինը Թուրքմենստանում մասնակցել է Գալկինիշ գազային հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը: Այդ հանքավայրից գազը կարտահանվի Չինաստան և ընդհանուր առմամբ թուրքմենական գազի Չինաստան արտահանման ծավալները կհասնեն տարեկան 65 միլիարդ խմ-ի: Նախորդ տարի Թուրքմենստանը Չինաստան է արտանահել 60 միլիարդ խմ գազ:
Չինաստանը Գալկինիշի հանքավայրի շահագործման համար արդեն ներդրել է 8 միլիարդ դոլար: Թուրքմենստանը դեպի Չինաստան նոր գազամուղի կառուցմամբ ցանկանում է նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը Մոսկվայից, որը տարիներ շարունակ հանդիսանում էր թուրքմենական գազի գլխավոր գնորդը:
Կողմերը պայմանավորվել են նաև սկսել Կենտրոնական Ասիա-Չինաստան գազամուղի նոր ճյուղավորումների շինարարությունը, որոնք կանցնեն Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի տարածքով: Նախատեսվում է, որ այդ գազամուղերով Չինաստան կարտահանվի ևս 25 միլիարդ խմ գազ:
Իր թուրքմենական այցի ընթացքում Սի Ձինպինը հայտարարել էր, որ Չինաստանը հանդիսանում է Թուրքմենստանի խոշորագույն առևտրային գործընկերը և Պեկինը ցանկություն ունի ընդլայնել երկկողմ կապերը առևտրի, էներգետիկայի, հումանիտար և այլ ոլորտներում:
Թուրքմենստանի նախագահը իր հերթին նշել էր, որ Չինաստանը Թուրքմենստանի վսհատելի գործընկերն է և վերջին շրջանում հատկապես ակտիվացել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը:
Բերդիմուհամեդովը նշել էր, որ Աշգաբադի համար Չինաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցումը արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Թուրքմենստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սյաո Ցինխուան Բերդիմուհամեդովի Պեկին կատարած այցին ընդառաջ հայտարարել է, որ 10 տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը աճել է 100 անգամ և այս պահին հասնում է 10 միլիարդ դոլարի: Դեսպանը նշել է, որ 2009թ.-ին Թուրքմենստան-Չինաստան գազամուզի շահագործումից հետո Պեկինը և Աշգաբադը սկսել են միմյանց դիտարկել որպես էներգետիկ ոլորտում կարևոր գործընկերներ:
Ցինխուան նշել է, որ այս պահին Թուրքմենտանում գործում է 22 չինական ընկերություն, Թուրքմենստանում ակտիվորեն ուսումնասիրում են չինարեն լեզուն, իսկ հազարավոր թուրքմեն ուսանողներ ուսում են ստանում Չինաստանի ԲՈւՀ-րում:
Թուրքմենստանի նախագահի Չինաստան քառօրյա այցի շրջանակներում Բերդիմուհամեդովը հանդիպումներ կունենա կառավարական և գործարար շրջանակների հետ, իսկ այցի արդյունքներով նախատեսվում է ստորագրել մի շարք համաձայնագրեր:
Արտյոմ Բալասանով
Նախորդող հրապարակումներ՝
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը` Չինաստանի կենսական շահերի տարածք
Չինաստանը ռեսուրսների սակավությունը փոխհատուցելու է Աֆրիկայի հաշվին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները