ՀՅԴ-ն կողմ է, ՀԱԿ-ը՝ դեմ. Քառյակը ճա՞ք է տալիս
Արդյո՞ք ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՅԴ-ն կողմ է կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի նախագծին վկայում է, որ քառյակը ճաք է տալիս. այս հարցը լրագրողներն ուղղեցին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:
«Ես զարմանում եմ, այնքան հեշտ եք «քառյակն» ամեն անգամ ջարդում, կազմաքանդում…. ամեն մի հարցում էլ կարող է լինել անհամաձայնություն, բայց պետք չէ ամեն նման դրսևորումը անվանել այդպես »,-արձագանքեց պատգամավորը:
Վերջինիս խոսքով, քաղաքական միակ ուժը, որ դրական մոտեցում ունի կառավարության ներկայացրած նախագծին ՀՅԴ-ն է: Այս հարցի շուրջ քննարկումներ եղել են և ՀԱԿ-ի դիրքորոշումն այն է, որ չի կարելի վարել բանակցություններ բռնագանձվածը վերադարձնելու շուրջ, այն էլ մասնակի:
«Եթե իրավունքի կոպտագույն խախտումով գումարները բռնագանձել են , ապա դրանք պետք է վերադարձվեն: Սա շատ պարզ տրամաբանություն է և ոչ մի փոխզիջում այս հարցում չի կարող լինել: Ու, ի դեպ, ես աբսուրդ եմ համարում, թե նոր այս նախագծով վերադարձվելու են միայն այն գումարները, որոնք կամուրջի վրա են, այսինքն դեռ չեն փոխանցվել»,- նշեց Լ.Զուրաբյանը՝ առաջարկելով քննարկել, թե տարած ավարից կառավարությունն իրականում ինչ է ուզում վերադարձնել:
«Մի ավազակումբ եկել է, ավարը տարել է, հիմա էլ ասում են՝ լավ դե, եկեք քննարկենք, թե դրանից ինչը կարանք վերադարձնել: Ավարը, որ դեռ իմ տուն չի հասել, ես պատրաստ եմ վերադարձնել… Սա իրավական պետության հետ ոչ մի կապ չունեցող աբսուրդ է ու նման է տեռորիստների հետ բանակցություններին, որտեղ շնից մազ պոկելն էլ է համարվում լուրջ առաջընթաց,- ընդգծեց նա ու հավելեց,- մենք նման փիլիսոփայություն չենք կարող ունենալ»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է քառյակի մասնակից ՀՅԴ-ն, որի հետ բազմիցս քննարկումներ են եղել կուտակայինի հաշվով, նման դիրքորոշում ցուցաբերում, Լ.Զուրաբյանը հորդորեց հարցն ուղղել ՀՅԴ իր գործընկերներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան