Երևան-Ստեփանակերտ-Բաքու. Գրվել է «Միասին» երգի անգլերեն տարբերակը
«Եվրոպական ինտեգրացիա» (ք.Երևան), «Հումանիտար հետազոտությունների հանրություն» (ք. Բաքու) և «Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» (ք. Ստեփանակերտ) հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող «Միասին 2» խաղաղասիրական ծրագրի շրջանակներում պատրաստվել է ծրագրի առաջին փուլում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երաժիշտների և բանաստեղծների համատեղ ջանքերով գրված «Միասին» երգի անգլերեն տարբերակը: Այս մասին հաղորդում է«Եվրոպական ինտեգրացիա» հկ-ի մամուլի ծառայությունը:
Երգը կատարում են Եվգենիա Տիմչենկոն (ք. Բաքու), Նարինե Գրիգորյանը (ք. Ստեփանակերտ) և Գայանե Սարգսյանը (ք.Երևան): Երգի մշակումը և տարածումը մայիսի 12-ին խորհրդանշական է, քանի որ այսօր լրանում է 1994թ. մայիսի 12-ին Բիշքեքում ստորագրված զինադադարի մասին համաձայնագրի 20-ամյակը:
«Միասին 2» (ինչպես նաև դրան նախորդած «Միասին») ծրագիրն իրականացվում է ԱՄՆ կառավարության աջակցությամբ:
«Միասին 2» ծրագիրը “Միասին” ծրագրի շարունակությունն է, որի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երաժիշտները, պոետները, դիզայներները, PR մասնագետները, լուսանկարիչներն ու «քլիփմեյքերները» ներկայացրել են “Խաղաղություն” թեմայով իրենց գաղափարներն ու աշխատանքները` ատրիբուտների, լոգոտիպերի, կարգախոսների, բանաստեղծությունների, մեղեդիների, լուսանկարների ու տեսահոլովակների տեսքով:
«Միասին» ծրագրի շրջանակներում 2012թ.-ին արդեն իսկ տարածվել է «Միասին» երգի ռուսերեն տարբերակը :
Նշենք, որ «Միասին» ծրագրի երգը (և՜ ռուսերեն, և՜ անգլերեն տարբերակները), լոգոտիպը, կարգախոսը, տեսահոլովակն ու լուսանկարը մասնակից կողմերի ներկայացուցիչների համահեղինակության արդյունք են:
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները մասնակցել են ծրագրին միայն ու միայն գաղափարական շարժառիթով: Շահագրգռող որևէ այլ բաղկացուցիչ ծրագրով նախատեսված չի եղել: Կազմակերպիչներին և մասնակիցներին միավորում է ընդհանուր հավատը, որ նման ծրագրերը թեկուզ մեկ քայլով, մեկ նոտայով մոտեցնում են բոլորիս կողմից երկար սպասված խաղաղությունը:
Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկանալու, ինչպես նաև դրա արդյունքներին ծանոթանալու համար կարող եք այցելել Project “Together” ֆեյսբուքյան էջ: