ԿԱԻ տնօրենը` գնահատման սանդղակում դրական-բացասականը վերացնելու մասին
Գնահատման սանդղակում բացասական-դրականը վերացնելու առաջարկի հետ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը համամիտ չէ: Առաջարկը Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն էր հնչեցրել, ով նաև Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն է: Panorama.am-ը դիմել է կառույցի ղեկավարին` հասկանալու ինստիտուտի պաշտոնական տեսակետը հարցի շուրջ:
«Այդ տարբերակը ենթադրում է, որ աշակերտն ինչ ստանա, այն էլ նշանակեն: Ստանում է մեկ, նշանակեն մեկ, ստանում է 7, նշանակեն 7: Սա նորություն չէ: Դուք բացեք, եթե չեմ սխալվում, 1995 թվականի 8-րդ դասարանն ավարտածների վկայականները, այնտեղ նաև 2 գնահատականը կտեսնեք` նախկին 5 բալային համակարգով: Այսինքն աշակերտը ստացել է այդ գնահատականն ու փոխադրվել է հաջորդ դասարան: Նման բան եղել է, բայց իրեն չի արդարացրել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԱԻ տնօրենը:
Այս տարբերակը, ինստիտուտի տնօրենի խոսքով, մեկ տարի կիրառվելուց հետո դուրս եկավ:
Նա նկատեց, որ մանկավարժության մեջ գնահատականի ֆունկցիաներ կան, այդ դրական-բացասականը էական նշանակություն ունի:
Հարցին` որպես Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն, նման փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, Նորայր Ղուկասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` ոչ: Իմ կարծիքը հիմնված է այդ փորձի վրա, եղավ այդպես և չարադարացրեց: Առուն երկրորդ անգամ մտնել չարժի»:
«Այն, ինչ ասում է Անահիտ Բախշյանը, ինստիտուտի պաշտոնական տեսակետը չէ, նա հաճախ որպես անկախ փորձագետ է ներկայանում»,- հավելեց Նորայր Ղուկասյանը:
Տնօրենը նաև նկատեց, որ գնահատման մեթոդաբանությունը մշակվել է 2004 թվականին և հավանության է արժանացել կառավարության կողմից: Այդ մշակումը եղել է մրցույթով անցած անկախ հանձնախմբի կողմից:
«Դա Կրթության ազգային ինստիտուտը չի անում, բոլոր կարևոր որոշումներն ընդունվում են մրցույթվ հաստատված մասնակիցների կողմից: Հանձնաժողովն ու մասնագետները մշակել են այդ մեթոդաբանությունը: Հետագայում ինստիտուտը զբաղվել է»,- եզրափակեց նա:
Նախորդիվ`
Ա Բախշյան. Առաջարկում ենք գնահատման 10 միավորանոց համակարգի մեջ չլինի դրական-բացասական
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա