Ռուսաստանի մասին ԵՄ գաղտնի զեկույցը «The Daily Telegraph»-ում
Եվրամիությունում մտահոգված են, որ ուկրաինական ճգնաժամի հետ կապված Ռուսաստանի դեմ հնարավոր տնտեսական պատժամիջոցները էական բացասական ազդեցություն կունենան Գերմանիայի և այլ եվրոպական պետությունների վրա: Այս մասին հղում անելով «The Daily Telegraph»-ին, հայտնում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը:
«Տեղական պարբերականներից մեկին հաջողվել է ծանոթակալ Եվրահանձնաժողովի պատրաստած գաղտնի զեկույցին: Նրանում ասվում է, որ Ռուսաստանի տնտեսության դեմ պատժամիջոցները կարող են կրճատել Գերմանիայի տնտեսական աճը մոտ 1%-ով: Դա կհանգեցնի Բեռլինի տնտեսական անկմանը, ինչը բացասական կազդի ողջ եվրագոտու վրա»,- գրել է պարբերականը:
«The Daily Telegraph»-ը մանրամասնել է, որ Եվրամիությունում դիտարկվում է մի քանի հնարավոր սցենար: Ամենաարմատական սցենարը նախատեսում է արգելել Ռուսաստանից գազի և նավթի ներկրումը: Իրադարձությունների նման զարգացման դեպքում Գերմանիայի տնտեսական աճն ընթացիկ տարում կնվազի 0,9%-ով, իսկ հաջորդ տարի, ըստ այդ զեկույցի, տնտեսական աճը կնվազի 0,3%-ով:
Ավելի չափավոր սցենարը ենթադրում է պահպանել նավթի և գազի ներկրումը, սակայն արգելել Ռուսաստանից այլ արտադրանքի ներմուծումը: Այդ դեպքում Գերմանիան ընթացիկ տարում կունենա 0,3% տնտեսական աճի անկում, իսկ 2015թ.-ին՝ 0,1%: Ըստ պարբերականի՝ զեկույցում նշվում է, որ երկարաժամկետ հեռանկարում գերմանական տնտեսության վրա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացասական ազդեցությունը շատ ավելի զգալի կլինի: