Քաղաքագետ. Հայկական կողմերն ի վիճակի են պահպանել ռազմատեխնիկական բալանսը, ինչն էլ ապահովում է հրադադարը
Այն իրավիճակը, որ արդեն երկու տասնամյակ է պահպանվում է արցախյան հակամարտության գոտում, բացատրվում է մի շարք հանգամանքներով, բայց առաջին հերթին երկու կարևոր բաղադրիչների առկայությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ բաղադրիչներին ու հարցի շուրջ վերջին զարգացումները ներկայացրեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա նկատեց, չնայած այն փաստին, որ վերջին տարիներին Ադրբեջանն արագացնում է սպառազինությունների մրցավազքը, տարբեր ճանապարհներով հայկական կողմերն ի վիճակի են պահպանել ռազմատեխնիկական բալանսը շփման գոտում, ինչն էլ ապահովում է փխրուն հրադադարի ռեժիմը:
Մյուս բաղադրիչը, Սերգեյ Մինասյանի բնորոշմամբ, միջազգային մեխանիզմներն են, համանախագահ երկրների ներգրավվածությունն է շրջանային անվտանգության խնդիրներին:
«Այս երկուսն են հիմնական բաղադրիչներն այն փխրուն հրադադարի ռեժիմի պահպանման, որ ունենք: Որը փաստացի արդեն քսան տարի է կա, պատերազմը չի սկսվել: Ես հույս ունեմ, որ բավական երկար ժամանակ այս իրավիճակը կպահպանվի»,- ասաց նա:
Մինասյանի խոսքով, յուրաքանչյուր վերջանական կարգավորում իր մեջ պետք է ունենա փոխզիջում: Իսկ արցախյան հակամարտության դեպքում երեք տարբերակ կա` ստատուս քվո, խաղաղության վերջնական հաստատում կամ պատերազմ: Վերջինից, ըստ քաղաքագետի, բոլորը խուսափում են:
«Որևէ կոմպրոմիսային մոտեցումների Ադրբեջանի կողմից անհնար է սպասել: Ստեղծվում է մի իրավիճակ, որ ստատուս քվոն անխուսափելի է դառնում»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հայտարարությանը, նա նշեց, որ բոլորին հասկանալի է, թե դա ինչ պատճառներով էր հնչեցվել:
«Մի կողմից դա կապված էր հրադադարի ռեժիմի 20-ամյակի հետ, մյուս կողմից Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների լարվածության սրումն է մեր տարածաշրջանում: Բայց հասկանալի է, որ հնչեցված կետերն ու կարծիքը անհնար են առանց մյուս երկու համանախագահների դիրքորոշման: Մենք տեսանք, որ հենց երեկ երեք համանախագահները նոր հայտարարություն արեցին, որտեղ կրկնեցին այն բոլոր մոտեցումները, որոնք կային և ձևավորվել են վերջին տասնամյակում, հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ»,- մանրամասնեց քաղաքագետը:
Հայտարարությունը, ըստ նրա, ուղղված էր բոլոր կողմերին: Իսկ այդ վեց կետերն այս անգամ այլ ձևերով են մեկնաբանվել:
«Կան նաև կետեր, որ անընդունելի են ադրբեջանական կողմի համար: Մենք տեսանք, որ Հայաստանի ՊՆ-ն և ԼՂՀ-ն բավական կտրուկ և պարզ արձագանքեցին: Իսկ ԱԳՆ արձագանքում չափազանց կարևոր էր այն, որ բանակցային գործընթացը գնում է բոլոր երեք համանախագահների մասնակցությամբ»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով, ոչ բոլոր դրույթներն էին հայկական կողմի համար անընդունելի: Սերգեյ Մինասյանն ընգծեց, որ բանակցային գործընթացն անհրաժեշտ է:
«Ես կասկած չունեմ, որ այս պահին ոչ Մադրիդյան սկզբունքները, ոչ դրանց հիմքում ընկած գաղափարները իրագործելի չեն: Կան դրույթներ, որոնց պատաստ չեն բանակցային կողմերը կամ դրանցից մեկը: Կան դրույթներ, որոնք իրագործելի չեն»,- նշեց նա: