Հայաստանում կարելի է լավ բիզնես անել. Սերժ Սարգսյանը` ֆրանսիացի գործարարներին
«Մաքսային Միությանն անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս մրցունակ գներով էներգակիրներ ներմուծել հանրապետություն»,- այս մասին այսօր Երևանում մեկնարկած Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համաժողովին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի գրավչությունը կարող է բարձանալ, եթե մենք կարողանանք շուկայի սահմանափակումները վերացնել ու նաև մեծ շուկաներից կտրվածության վերջը տալ: ՄՄ անդամակցությունը հենց այսպիսի խնդիրներ է լուծում»,- ասաց ՀՀ նախագահը և հավելեց. «Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, որ որոշ մարդիկ, տեղյակ չլինելով կառավարության քաղաքականության այլ մանրամասների մասին, փորձում են լուրեր տարածել, թե ՄՄ անդամակցությունը կարող է խոչընդոտել ներդրումային պրոցեսին, քանի որ որոշակի ապրանքատեսակների, այդ թվում` նաև հումքերի վրա պետք է կիրառվի լրացուցիչ մաքսային տուրք: Նախ` հիմնական հումքերի և ապրանքատեսակների մասով մենք արդեն նախագծային պրոցեսում ունենք պայմանավորվածություններ, երկրորդ` Հայաստանի կառավարությունը ունի գործիքներ, որոնցով կխրախուսի տվյալ ներդրողին, եթե որոշակի փոփոխություններ ժամանակի ընթացքում լինի` կապված հումքի ներմուծման հետ»:
«Հայաստանում կարելի է լավ բիզնես անել»,-ասաց երկրի ղեկավարն ու առաջարկեց գործարարներին 30 րոպեի ընթացքում ձեռնարկություն գրանցել:
Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ Հայաստանում կան խոշորածավալ ծրագրեր, մասնավորապես` առանձնացրեց պղնձաձուլարանի կառուցումը, ինչը խոշոր ծրագիր է նաև մեծ ընկերությունների համար, քանի որ այս տարվա սեպտեմբերից Հայաստանն արտադրելու է 80-100 հազար տոննա պղնձի խտանյութ:
«Իսկ ֆրանսիացի գործարարների համար մենք պատրաստակամ ենք հավելյալ մեր ուշադրությունը ավելացնել»,-ընդգծեց ՀՀ նախագահը:
Նախորդիվ`
«ՄՄ-ին Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև եվրոպական ներդրողների համար»
«Մենք առաջարկել ենք, որպեսզի Հայաստանի միջոցով ֆրանսիական ընկերությունները մուտք գործեն Մաքսային միության շուկաներ»
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում է. հատուկ արարողակարգով դիմավորում