Մինասյան. Ուորլիքի միջամտությունը ի հայտ եկավ Ուկրաինական ճգնաժամի ֆոնին
Panorama.am-ը անցկացրել է հարցազրույց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանի հետ:
Մեկնաբանելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ Կայծ Մինասյանն ասաց. «Ուորլիքը մանրամասնեց Մադրիդյան սկզբունքների վեց կետերը՝ հիշեցնելու համար, որ Մադրիդյան սկզբունքները մնում են ուժի մեջ և որ Մինսկի խմբին չկա այլընտրանք»:
Փորձագետի կարծիքով, Ջեյմս Ուորլիքն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը խոսեցին տարածքների մասին, «քանի որ հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, ինչպես նաև նախկին ԼՂԻՄ ադմինիստրատիվ տարածքների և ներկայիս Արցախի հանրապետությունում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների տարբերակման հարցը: Այսպիսով նրանք ցանկանում էին պահպանել որոշակի չեզոքություն»:
Կ. Մինասյանն անդրադարձավ նաև ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի արձագանքին , որով վերջինս, հղում անելով ԼՂՀ սահմանադրությանը, ասել էր, որ ազատագրված կամ որևէ այլ տեսակի տարածքներ գոյություն չունեն, այլ գոյություն ունի մեկ տարածք` Արցախի Հանրապետություն: Այս առումով Մինասյանն ասաց, որ Արցախի Հանրապետությունն ընդգրկում է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները և որ միայն հանրաքվեն կարող է որոշել նոր կարգավիճակը. դա իր հերթին մեծ մարտահրավեր կհանդիսանա՝ ներառելով և՛դիվանագիտական, և՛ սահմանադրական դժվարություններ:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է բանակցությունների սեղանին դրված ներկայիս տարբերակը իրատեսական և արդյոք այն կարող է երբևէ բերել խաղաղության, Կ. Մինասյանն ասաց. «Դա շատ դժվար է, քանի որ կողմերի միջև կան այնքան տարաձայնություններ, որ հնարավոր չէ այս պարագայում հստակ պատկերացնել խաղաղությունը: Քանի դեռ պետությունները, օրինակ Ադրբեջանը, շեշտը դնում են ազգայնականության վրա, խաղաղություն չի հաստատվի; քանի դեռ քաղաքացիական հասարակությունը ներգրավված չէ գործընթացի մեջ, առաջընթաց չենք ունենա: Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի հարցը անվտանգության հարց է, իսկ Ադրբեջանի համար այն ուժի հարց է: Խնդիրն այն է, որ Բաքուն օգտագործում է ռազմատենչ հայտարարությունները որպես մարտավարություն, ինչը չի նպաստում խաղաղության հաստատմանը: Միջազգային հանրությունը շատ լավ գիտի, թե որ կողմն է խոչընդոտում խաղաղության գործընթացին: Ադրբեջանը չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ նա պատերազմում պարտվել է հայերին»:
Այն հարցին, թե ինչու է ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հարցը բերել օրակարգ հենց այս ժամանակահատվածում, Գ. Մինասյանը պատասխանեց. «Այս միջամտությունը ի հայտ եկավ Ուկրաինական ճգնաժամի ֆոնին: Հայտնի է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն այժմ անհանգիստ փուլում են գտնվում: Վաշինգտոնը ցանկանում է ցույց տալ, որ Ռուսաստանը միակ ուժը չէ, որ կարող է ակտիվություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարվող բանակցություններում: Ի վերջո, մենք պետք է ամեն ինչ անենք Մինսկի խումբը փրկելու համար: Ուորլիքն այսպիսով ուզում էր հիշեցնել ԱՄՆ-ի չեզոքության մասին, այն բանից հետո, երբ նա խիստ քննադատության էր արժանացել Բաքվի կողմից և մեղադրվել էր որպես միջնորդ անաչառ չլինելու մեջ: Պետք է հաշվի առնել նաև, որ այս հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ Կալիֆորնիա նահանգում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը: Արդյո±ք հնարավոր է Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին համոզել, որ նա դեմ քվեարկի ԼՂՀ ճանաչմանը: Ոչ... Եվ սա լուրջ հարց է»:
«Կալիֆորնիան ԱՄՆ-ի ամենակարևոր, ամենահարուստ և ամենախիտ բնակեցված նահանգն է, հետևաբար կարելի է պատկերացնել այս որոշման ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա: Ճիշտ է, որ խորհրդարանի որոշումը դեռևս պաշտոնական չէ և որ Կալիֆորնիայի Սենատը նույնպես պետք է որոշում կայացնի, բայց խորհրդարանի այս որոշումը կարևոր դերակատարություն ունի ԱՄՆ-ում այս խնդրի շուրջ հասարակական բանավեճի մեջ»,- հավելեց փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին