Օլանդն ընդունել է ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներկա գտնվելու ՀՀ նախագահի հրավերը
«Ես մտադիր էի այս այցի ընթացքում Ձեզ հրավիրել Հայաստան՝ 2015 թվականին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումներին: Կարող եք պատկերացնել, թե որքան բարձր է գնահատվել, երբ Դուք ինքներդ այդ մասին հայտարարեցիք ապրիլի 24-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված Ձեր ելույթում: Մենք Ձեր այդ քայլն ընդունում ենք՝ որպես ամենախոսուն վկայություն հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ Ձեր լիակատար նվիրվածության ու բարեկամության: Շնորհակալ եմ մեկ անգամ ևս, պարո՛ն Նախագահ, Ձեր այդ արարքի համար»,- հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Ֆ. Օլանդն ասաց, որ Ֆրանսիան իր ամենաբարձր մասնակցությունն է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, գալու է Երևանում:
«Դա մեր համերաշխության խոսքն է մի ազգի նկատմամբ, որ այդքան ծանր ցավեր է տարել: Միաժամանակ աշխարհին նվիրված խոսք է, որպեսզի այդպիսի սարսափելի ջարդեր, եղեռներ, ցեղասպանություններ չկրկնվեն: Դա մեր, մեր երկրի պատասխանատվությունն է, որպեսզի այսպիսի խնդիրներ չստեղծվեն»,- ասաց Ֆ. Օլանդը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային ոչ միայն Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու ու դատապարտելու, այլ նաև ժխտողական քաղաքականության դեմ իրավական մեխանիզմներով պայքարելու հանձնառության համար:
«Այս հարցն առավել քան արդիական է, հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ժխտողականությունը համաեվրոպական դաշտ տեղափոխելու և դա խոսքի ազատության լոզունգներով խեղելու Թուրքիայի ջանադիր փորձերի համատեքստում: Մենք պետք է զգոն և աչալուրջ լինենք, քանի որ անպատժելիությունն ամենաթողություն է ծնում, մանավանդ որ ժամանակակից աշխարհը նույնպես զերծ չէ մարդկության դեմ կատարվող ամենադաժան հանցագործություններից»,- նշեց Հայաստանի նախագահը:
Նախորդող հրապարակում՝
Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք՝ Փարիզի Երևանյան պուրակում