Ինքնորոշման իրավունքի կայացման սկզբունքը այլընտրանք չունի. Սերժ Սարգսյան
«Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ` բոլոր հակամարտությունները չի կարելի դիտարկել մեկ հարթության մեջ, ուստի հակամարտությունների լուծման մոտեցումները տարբեր են»,-քիչ առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով ԼՂ հակամարտության լուծման բանակցությունների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա ու, մասնավորապես, ամերիկացի համանախագահի հայտարարությունների վերաբերյալ հարցին:
«Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագումնաբանությունը, ունի իր պատմությունը, յուրաքանչյուր հակամարտության լուծման համար կան նախադրյալներ: Միջազգային իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ իր ընկալումները և հիմնախնդրի լուծման ճանապարհները պայմանավորում է հենց այդ նախադրյալներով»,- շարունակեց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, բազմաթիվ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն ու ներկայացուցիչները և գրավոր, և բանավոր ներկայացրել են իրենց միասնական կարծիքը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով:
«Ինքնորոշման իրավունքի կայացման այդ սկզբունքը այլընտրանք չունի: Կրկնում եմ` այս մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներն ու արտգործնախարարները, և նրանց ներկայացուցիչները Մինսկի խմբում: Վերջին այդպիսի մոտեցումը հանրությանը ներկայացրեց Մինսկի խմբում ամերիկացի համանախագահը, որ որևէ նոր բան չասաց, այլ ասաց այն, հիմնականում, ինչ ասել էր իր նախագահը տարբեր առիթներով: Նույն մոտեցումը կա նաև համանախագահների հայտարարության մեջ, որը նվիրված էր Հրադադարի 20-ամյակին: Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը փորձի այդ մոտեցումները, սկզբունքները յուրովի մեկնաբանել, միևնույնն է, ոչինչ չի ստացվելու»,- հայտարարեց նախագահ Սարգսյանը:
Նա պնդեց, որ չի կիսում այն մոտեցումը, թե տարբեր երկրներ մշտապես ցուցաբերում են երկակի ստանդարտներ:
«Ոչ: Երկակի ստանդարտներ չեն դրանք: Այլ այդ մոտեցումները հենց բխում են այդ կոնֆլիկտների պատմությունից, այդ կոնֆլիկտների ծագումնաբանությունից և նախադրյալներից: Որևէ փոփոխություն ես չեմ տեսնում, նույնիսկ ամենակոշտ հակամարտության պայմաններում», -եզրափակեց ՀՀ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան