ՀՀ նախագահ. Հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները հասել են առանձնաշնորհյալ մակարդակի
«Պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները տարեցտարի զարգանալով հասել են կարևոր մի հանգրվանի` առանձնաշնորհյալ մակարդակի»,- այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսին նախորդած իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշեց, որ վերահաստատվել է հայ-ֆրանսիական հարաբերություններում առկա ձեռքբերումները նորերով լրացնելու երկու երկրների հանձնառությունը, իսկ նախօրեին հայ-ֆրանսիական գործարար համաժողովի բացման ժամանակ շեշտադրվել է համագործակցության տնտեսական բաղադրիչի կարևորությունը:
«Ողջունեցինք Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարված ավելի քան մեկ միլիարդ դոլարի հասնող ընդհանուր ներդրումները, մոտ 180 ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում, որոնց թվում են «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Ալկատելը« և ուրիշներ: Մեզ համար պատիվ է, որ այս ցանկը համալրվում է ֆրանսիական մեկ այլ աշխարհահռչակ ընկերության` «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի մուտքով հայաստանյան շուկա»,- ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերին` ընդգծելով, որ դրանք առանցքային են հայ-ֆրանսիական հարաբերություններում:
«Հայերը սիրում են Ֆրանսիան, ֆրանսիական մշակույթն ու լեզուն, ուստի պատահական չէ, որ Հայաստանում առկա է ֆրանսերեն լեզվով կրթական ողջ ցիկլը` դպրոցից մինչև համալսարան, և գիտակցված ու չափազանց արդյունավետ է մեր ներգրավումը Ֆրանկոֆոնիայի միջազգային շարժման մեջ»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան