Ամերիկացի գիտնականները գտել են Քրիստափոր Կոլումբոսի նավը
Ամերիկացի գիտնականները Կարիբյան ծովում գտել են Քրիստափոր Կոլումբոսի «Սանտա Մարիա» նավի բեկորները: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով բիտանական «The Independent» պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ` ֆլագմանի բեկորները հայտնաբերվել են Հաիթիի առափնյա շրջանների հյուսիսային հատվածում:
«Բոլոր աշխարհագրական, ստորջրյա տեղագրական և հնագիտական տվյալները թույլ են տալիս վստահաբար ենթադրելու, որ սրանք Կոլումբոսի հանրահայտ «Սանտա Մարիա» ֆլագմանի բեկորներն են»,- նշել է արշավախմբի ղեկավար Բարի Քլիֆորդը:
Նրա խոսքով՝ այժմ գիտնականները նավի բեկորները դուրս բերելու հարցի շուրջ բանակցում են Հաիթիի իշխանությունների հետ: Մինչև այս պահը գիտնականները միայն չափել ու լուսանկարել են գտածոն:
Հնագետը կարծում է, որ «Սանտա Մարիայի» բեկորները կարող են ցուցադրվել Հաիթիի թանգարանում, ինչը կարևոր դեր կունենա զբոսաշրջության զարգացման գործում: