Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են Քեսաբի իրադարձությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Կրկին ողջունում եմ Ֆրանսիայի Նախագահ, հայ ժողովրդի մեծ բարեկամ պարոն Օլանդի անդրանիկ պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Այս երկու օրերի ընթացքում փոխըմբռնման ջերմ մթնոլորտում Նախագահ Օլանդի հետ կառուցողական քննարկումներ ունեցանք, ինչը հատուկ է մեր յուրաքանչյուր հանդիպմանը՝ լինի դա Երևանում, Փարիզում, թե երրորդ երկրում: Հանգամանորեն անդրադարձանք հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների:
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները տարեցտարի զարգանալով հասել են կարևոր մի հանգրվանի՝ առանձնաշնորհյալ մակարդակի: Դինամիկ քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, Հայաստանի և Ֆրանսիայի՝ շուրջ 35 շրջանների և քաղաքների միջև սերտ գործընկերություն, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական հագեցած օրակարգ, Ֆրանսիայի կողմից արդյունավետ կերպով իրականացվող աջակցության ծրագրեր, ինչպես նաև 35 իրավական փաստաթուղթ ներառող իրավապայմանագրային դաշտ, որն այս այցի ընթացքում համալրվում է ևս յոթով՝ միտված երկկողմ գործընկերության ընդլայնմանը և ամրապնդմանը. ահա այս տարիների մեր համատեղ աշխատանքի արդյունքը: Վերահաստատեցինք առկա ձեռքբերումները նորերով լրացնելու մեր երկուստեք հանձնառությունը:
Նախագահ Օլանդի հետ երեկ մասնակցելով գործարար համաժողովի բացմանը` շեշտադրեցինք մեր համագործակցության տնտեսական բաղադրիչի կարևորությունը: Ողջունեցինք Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարված ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ընդհանուր ներդրումները, մոտ 180 ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում, որոնց թվում են «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» և ուրիշներ: Մեզ համար պատիվ է, որ այս ցանկը համալրվում է ֆրանսիական մեկ այլ աշխարհահռչակ ընկերության՝ «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի մուտքով հայաստանյան շուկա:
Անդրադարձանք մեր ժողովուրդների մշակութային կապերին, որոնք առանցքային են հայ-ֆրանսիական հարաբերություններում: Նշեցի, որ հայերը սիրում են Ֆրանսիան, ֆրանսիական մշակույթն ու լեզուն: Ուստի պատահական չէ, որ Հայաստանում առկա է ֆրանսերեն լեզվով կրթական ողջ ցիկլը՝ դպրոցից մինչև համալսարան, և գիտակցված ու չափազանց արդյունավետ է մեր ներգրավումը Ֆրանկոֆոնիայի միջազգային շարժման մեջ:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ մեկ անգամ ևս բարձր գնահատեցի Ֆրանսիայի դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում:
Մտքեր փոխանակեցինք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի, այդ թվում` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ։
Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Հայտնեցի Հայաստանի վճռականությունը` զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով՝ հենց այն հենքի վրա, որը համատեղ աշխատանքի շնորհիվ կառուցել ենք վերջին տարիներին: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման գործում։
Սիրելի՛ գործընկերներ,
Համոզված եմ, որ Նախագահ Օլանդի այցը մեծ ներուժ կհաղորդի հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսությանն ու բազմակողմ համագործակցությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան