Հայաստանը «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի գործարքից հրաժարվելու մտադրություն չունի. Փոխնախարար
Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» (Contour Global) ընկերությանը «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ը վաճառելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ է: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայատարարեց Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` հերքելով տարածված տեղեկությունը, թե վաճառքի մասին պայմանագիրը վերանայվում է:
Նշենք, որ վաճառքի արժեքը կազմել է 180 մլն ԱՄՆ դոլար:
«Ներկա պահին հստակ չեմ կարող ասել, թե միջոցները երբ կփոխանցվեն, բայց կրկնվեմ` ոչ ոք գործարքից հրաժարվելու մտադրություն չունի: Պահպանվում են նաև պետության` բոլոր ներդրումային ծրագրերն իրականացնելու պարտավորությունները: Դրանք անպայման պետք է իրականացվեն, որովհետև արդյունքում ՀԷԿ-ը մի քանի անգամ ավելի շահութաբեր կդառնա», - հավելեց փոխնախարարը:
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև ստորագրվել էր գույքի առուվաճառքի պայմանագիր: Առաջիկա 6 տարիների ընթացքում, ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ 70 մլն դոլար Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում՝ համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագրի, որը կքննարկվի և կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հետ։ Վերջինս հաստատել է նաև այն սակագնային պլանը, որի համաձայն, ընկերությունը կապահովի մոտակա 25 տարիների ընթացքում Որոտան համալիրի անխափան և շարունակական շահագործումը: