Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին քննարկումներ չկան. Էներգետիկայի փոխնախարար
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին քննարկումներ չեն ծավալվում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխւթյուններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:
Պատգամավորը նախ հիշեցրեց, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր առիթներով հայտարարում էին, թե գազի գնի բարձրացում չի սպասվում, սակայն գազն այնուամենայնիվ թանկացավ:
«Տարբեր կենտրոններից լուրեր են շրջանառվում, որ 1 ԿՎԺ-ի դիմաց ներկայում գործող 38 դրամ սակագինը դառնալու է 45 դրամ: Խորհրդարանն այն վայրն է, որտեղ այս հարցին պետք է հստակ պատասխան տրվի», -հայտարարեց Զոհրաբյանը:
«Նախ և առաջ հստակ կարող եմ Ձեզ ասել, որ մեր Էներգետիկայի նախարարությունում որևէ նման քննարկումներ չեն կատարվում, նման հարցեր մենք չենք նայում: Բացի այդ, այս հարցի իրավասությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է: Բայց ինչքան ես հասկանում եմ այս պահին նման քննարկումներ չկան», -հավելեց փոխնախարարը: