Ստամբուլում նստացույց է. Ածխահանքի զոհերի թիվը հասել է 232-ի (Լրացված)
Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող վթարված ածխահանքից դուրս են բերվել տասնյակ նոր զոհերի դիեր: Աղետի վայր մեկնած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձամբ է պաշտոնապես հայտնել, որ զոհերի թիվն արդեն հասել է 232-ի:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացվել էր 205 զոհի ու 8 տասնյակ վիրավորների մասին: Արդեն հաստատվել է 124 զոհի ինքնությունը:
Թուրքիայի պետական լրատվական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Սոմայի ածխահանքը գործարկող մասնավոր ընկերության` Ստամբուլի Լալե փողոցում գտնվող գրասենյակի առջև մի խումբ քաղաքացիներ անցել են նստացույցի:
Ցուցարարները պարզել են սգո և բողոքի պաստառներ: Նրանք գրասենյակի մուտքի դռանն ու արտաքին պատերին ներկանյութեր են քսում` թողնելով զանազան գրություններ: Գրասենյակի շրջակայքում ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները:
Հիշեցնենք, որ էլեկտրական խոտանից նախօրեին բռնկված հրդեհի հետևանքով խոշոր վթար էր տեղի ունեցել վերոնշյալ ածխահանքում, որտեղ այդ պահին գտնվել է 787 աշխատակից: Տեխնածին այդ աղետի կապակցությամբ Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ:
BBC-ի ռուսալեզու ծառայությունն էլ գրել է, որ պայթյունի պահին գետնի տակ շուրջ 2 կիլոմետր խորության վրա գտնվել է 580 հանքափոր:
Բացառված չէ, որ նրանց մեծ մասին հաջողվել է փրկվել: Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի խոսքերով` պայթյունի պատճառ է դարձել կարճ միացումը:
Նախարարը թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ հանքափորները հիմնականում մահացել են շմոլ գազից թունավորման հետևանքով:
Նախորդիվ`
Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ. զոհերի թիվը հասել է 205-ի