Իրանն ու «5+1 խումբը» նախապատրաստում են միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի նախագիծը
«Իրանն ու «5+1 խումբը» նախապատրաստում են միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի նախագիծը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը միջուկային խնդրի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով մեկնել է Վիեննա: Արդեն սկսվել է Իրանի արտգործնախարարի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի համապարփակ համաձայնագրի նախագծի տեքստի մշակմանն առնչվող հարցեր:
Նկատենք, որ ս.թ. հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:
Ժնևյան համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին: Պատժամիջոցների կասեցումը վերաբերում է իրանական նավթի փոխադրման, տրանսպորտային ապահովագրության, պետրոքիմիական արտադրանքի վաճառքի ոլորտին:
Մինչ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների դադարեցման մասին որոշումը՝ ԻԻՀ փոխնախագահ, ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ Իրանն հունվարի 20-ից դադարեցնում է ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:
Հավելենք, որ ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4.2 միլիարդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարներով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 միլիարդ և 450 միլիոն դոլար արդեն փոխանցել են Իրանին: