Հովիկ Աբրահամյան. ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել միության գործունեությունը, այնուհետև քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, երկուստեք կարևորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը, մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդիրը:Կարևորվել է նաև կրթության և աշխատուժի զարգացման ոլորտում պետություն-մասնավոր հատվածի համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, որոնց թվում շեշտադրվել է «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» կրթական ծրագրի լայնածավալ իրականացումը:
Հատկապես շեշտադրվել է հունիսի 20-21-ը կայանալիք 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որը նվիրված է նոր տեխնոլոգիաների կիրառմանը բիզնեսի տարբեր ոլորտներում:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, և պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ընկերությունների հետ:
Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում ՏՏ ոլորտը կառավարությանը կներկայացնի բնագավառի զարգացմանն ուղղված հստակ ծրագրեր՝ դրանք համատեղ իրականացնելու նպատակով: